Տպել
18.05.2011
ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հանդիպումը
1 / 3

Մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության անդամները:
 
Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը համոզմունք հայտնեց, որ պարոն Բուզեկի  այցը Հայաստան լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման եւ ակտիվացման համար: Հովիկ Աբրահամյանը ջերմությամբ հիշեց Եժի Բուզեկի հետ վերջերս կայացած  հանդիպումը Բրյուսելում` ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին մասնակցելու այցի շրջանակներում:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստանի հանդեպ Եվրախորհրդարանի կողմից ցուցաբերած հետաքրքրության համար, հատկապես Եվրոպական հարեւանության արեւելյան քաղաքականության զեկույցի կապակցությամբ, որը որակական նոր աստիճանի է բարձրացնում Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, ինչպես նաեւ բարձր գնահատեց Եվրախորհրդարանի նախագահի անձնական ներգրավվածությունը  Արեւելյան գործընկերության եւ ԵՎՐԱՆԵՍԹ-ի հիմնադրման գործընթացում: Ողջունելով ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի ստեղծումը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այդ կազմակերպությունը կարող է դառնալ այն հարթակը, որը հնարավորություն կտա  հասնել փոխվստահության մթնոլորտի ու տարածաշրջանային համագործակցության հաստատմանը:

Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` կարեւոր համարեց Հայաստանի պատվիրակության` բարձր մակարդակով ներկայացված լինելը ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին եւ ողջունեց այն մեծ ուշադրությունն ու կարեւորությունը, որը Հայաստանը ցուցաբերում է այդ կառույցի նկատմամբ, ինչը թույլ կտա շատ հարցեր լուծել տարածաջրջանում, ներառյալ առկա խնդիրները: Եվրախորհրդարանի նախագահն ասաց, որ ԵՎՐԱՆԵՍԹ-ը ստեղծվել է բարելավելու  հարաբերությունները ԵՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայի հարեւանությամբ գտնվող երկրների հետ, նշելով, որ Հայաստանն իր դերակատարությամբ կարեւոր երկիր է տարածաջրջանում:

ԵԺի Բուզեկը ողջունեց բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների ընդգրկված լինելը ԵՄ-ի հետ բանակցություններ վարող հայաստանյան պատվիրակության կազմում եւ հույս հայտնեց, որ նման լավ բանակցություններ տեղի կունենան նաեւ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ:

ՀՀ ԱԺ նախագահը փաստեց, որ  եվրոպական կառույցներին ինտեգրվելու ուղղությունը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է եւ անդրադարձավ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, իշխանությունների կողմից ձեռնարկող քայլերին, այդ թվում` ընտրական օրենսդրության բարելավմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իշխանությունները Հայաստանը տեսնում են եվրոպական ընտանիքում, ունեն քաղաքական կամք` իրականացնել բարեփոխումներ, եւ գործընթացները դարձնել համահունչ եվրոպական չափանիշներին: Պատահական չէ, որ Հայաստանը ողջունեց Արեւելյան գործընկերության հաստատումը եւ ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի ստեղծումը, առաջինն էր, որ ողջունեց Եվրամիության հետ խորհրդարանական այս ձեւաչափով համագործակցության գաղափարը: Հովիկ Աբրահամայնը նշեց, որ պետք է զերծ պահել ԵՎՐԱՆԵՍԹ-ը անիմաստ մեղադրանքների հարթակ դարձնելու ջանքերից: Մինչդեռ ադրբեջանական կողմը ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում ունեցած իր ելույթով փորձեց օգտագործել այս միջազգային հարթակը եւ խեղաթյուրել իրականությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ:

Եվրախորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց հանգամանալից տեղեկատվության համար, մասնավորապես կարեւորելով Ընտրական օրենսգրքի նախագծի լայն քննարկման փաստը: Նա նշեց, որ Եվրախորհրդարանը պատրաստ է գալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական հանձնախումբ ուղարկել:

Անդրադարձ կատարվեց նաեւ ԼՂ հակամարտությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին: ԵԺի Բուզեկը վստահություն հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ի վերջո կհանգեցնի ԼՂ հարցի լուծմանը, միաժամանակ կարեւորելով նաեւ շփումները հակամարտող կողմերի միջեւ:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում, խաղաղ բանակցային ճանապարհով: Մինչդեռ Ադրբեջանն իր ռազմատենչ հայտարարություններով, դիպուկահարների կրակոցներով, հարցի լուծման համար այլ ձեւաչափերի ձգտելով հիմք է տալիս մտածել, որ նա չի ցանկանում խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Հովիկ Աբրահամյանի խոսքով` խնդիրը լուծում ունի մասնավորապես ԵԱՀԽ Հելսինկիի Եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա:

Հանդիպմանը կարեւորվեց նաեւ երկկողմ համագործակցության խորացումն ու կապերի զարգացումը եվրոպական կառույցների եւ Հայաստանի միջեւ:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...