Մայիսի 18-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց պատգամավորներ Արտակ Դավթյանի, Արտակ Զաքարյանի եւ Կարինե Աճեմյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Ինչպես տեղեկացրեց օրինագծերի համահեղինակ Արտակ Դավթյանը, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո էլեկտրոնային զանգվածային տեղեկատվության միջոցներով հեռարձակվող որոշ ապրանքների եւ ծառայությունների գովազդը ձեռք է բերել ներկայացման տարաբնույթ ձեւեր, որոնք դուրս են մնացել օրենքի կարգավորման շրջանակից: Դրանց թվում են հեռուստառադիոհաղորդումների հովանավորությունը, գովազդի զուգակցումը հեռուստահաղորդումների հետ «վազող տողի» եղանակով, հեռուստախանութները, ինչպես նաեւ հեռուստառադիոհաղորդումների ազդին նախորդող եւ/կամ հաջորդող տվյալ հեռուստահաղորդման հովանավորների մասին ցանկացած տեսակի տեղեկությունները: Նախատեսվող փոփոխության արդյունքում այս գովազդները եւս կդիտարկվեն որպես զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող գովազդ:
Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է արգելել գովազդի հեռարձակումը վերահեռարձակող հեռուստառադիոընկերությունների կողմից: Նախատեսված են նաեւ այլ փոփոխություններ, որոնք պաշտպանում են հեռուստադիտողների շահերը:
Օրինագծերի փաթեթն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն կընդգրկվի ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում եւ կքննարկվի հատուկ ընթացակարգով: