Մայիսի 24-ին Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը հանդիպեց եւ զրուցեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժնի առաջին կուրսի ուսանողների հետ: Ուսանողները ներկա էին եղել նաեւ ԱԺ նիստին:
ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը ուսանողներին ծանոթացրեց խորհրդարանի աշխատանքին, նրա օրինաստեղծ գործունեությանը, կառուցվածքին, իշխանական երեք թեւերի հավասարակշռման մեխանիզմներին եւ կարեւորեց ժողովրդի ընտրյալ մարմնի` խորհրդարանի ակտիվ շփումները հասարակության հետ:
Ազգային ժողովի փոխնախագահը պատասխանեց նաեւ ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին երկրի սոցիալական խնդիրներին ու դրանց լուծման մեխանիզմներին, սոցիալապես անապահով խավերին ցուցաբերվող աջակցության արդյունավետությանը եւ կրթական բարեփոխումներին:
Պարոն Նիկոյանը, կարեւորելով սոցիոլոգի մասնագիտությունը, հորդորեց ուսանողներին առավել ակտիվ լինել ուսման մեջ եւ հասարակական կյանքում:
Հանդիպման վերջում ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը լուսանկարվեց ուսանողների հետ: