Մայիսի 26-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը:
Հիշեցնենք, որ արդեն ավանդական դարձած մրցույթ-փառատոնն այս անգամ նվիրված է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան 95-ամյակին, եւ նպատակ ունի երեխաների եւ պատանիների մեջ սերմանել եւ ամրապնդել սերը դեպի գրականությունն ու պոեզիան, կրթել հայրենասեր եւ հայեցի սերունդ:
Նկատենք, որ մարտից մեկնարկած մրցույթ-փառատոնին հանրապետության 10 մարզերից արդեն մասնակցել են 14500 11-17 տարեկան տղաներ եւ աղջիկներ: Նրանցից 61-ը կմասնակցեն Երեւանում կայանալիք եզրափակիչ փուլին:
ՀՀ Սյունիքի մարզի տարբեր համայնքների 65 դպրոցներից առաջին` նախնական փուլին մասնակցել էին 600 աշակերտներ, որոնցից երկրոդ փուլին մասնակցելու իրավունք էր ստացել 51 աշակերտ:
Բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը մասնակիցներին ներկայացրեց Հովհաննես Շիրազի շռնդալից մուտքը գրական ասպարեզ, նրա պոեզիայի առանձնահատկություններն ու սերունդների դաստիարակության վրա ունեցած հսկայական ազդեցությունը:
ՀՀ Սյունիքի մարզում մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը հաղթահարեցին 11-14 եւ 15-17 տարիքային խմբերի 7 աշակերտներ, որոնք մարզպետարանի կողմից պարգեւատրվեցին պատվոգրերով:
Տեղեկացնենք, որ մայիսին ասմունք-փառատոնի երկրորդ փուլը անցկացվել է նաեւ ՀՀ Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի եւ Տաուշի մարզերում:
Ի դեպ նշենք. որ տարբեր մարզերում ասմունքի ոլորտում մրցակցելու հավաքված պատանիների համար Հովհաննես Շիրազի ստեղծագործություններից ասմունքում էին ժյուրիի անդամները` հայտնի դերասաններ Գուժ Մանուկյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռոբերտ Հարությունյանը եւ Ջուլիետա Բաբայանը: