Տպել
28.05.2011
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելեց Սարդարապատի հուշահամալիր
1 / 5

Հանրապետության տոնի, Սարդարապատի հերոսամարտի եւ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման  93-րդ տարեդարձի առիթով մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիր այցելեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրենսդիր եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, Հայաստանի Հանրապետությունում  հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ։

Երկրի բարձրագույն  ղեկավարությունը ծաղկեպսակ  դրեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ եւ հարգանքի տուրք մատուցեց հերոսամարտի զոհերի հիշատակին։

Նորին սրբությունը կատարեց հոգեհանգստի կարգ`աղոթելով մայիսյան հերոսամարտերին զոհված հայորդիների հոգիների հանգստության համար։

Այնուհետեւ բարձրաստիճան  հյուրերն այցելեցին Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության եւ ազգային—ազատագրական պայքարի պետական թանգարան, ապա մասնակցեցին համաժողովրդական ուրախությանը։ Մայիսի 28-ը վերածվել էր իսկական տոնախմբության ` հանրապետության տարբեր մարզերի բնակիչների, սփյուռքահայերի, օտարերկրացիների մասնակցությամբ, բացված սեղաններով եւ երգ ու պարով: