Տպել
31.05.2011
ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության եւ համակարգող խորհրդի համատեղ նիստում
1 / 1

Մայիսի 31-ին  տեղի ունեցավ ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության եւ համակարգող խորհրդի համատեղ նիստը:

ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում ԱԺ պատվիրակությաղեկավար Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ միջազգային այս կազմակերպությունը մոտ մեկ ամիս է` արդեն սկսել է իր գործունեությունը: Բելառուսի Հանրապետությունը զրկվել է Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում նախապես ծրագրավորված մասնակցությունից, եւ փաստորեն խախտվել է ԵՄ երկրներից եւ արեւելյան գործընկերության անդամ երկրներից պատվիրակների հավասար մասնակցության` 60/60 ձեւաչափը:

Պարոն Հովհաննիսյանը նկատեց, որ հայաստանյան պատվիրակությանը լուրջ  ու հետեւողական աշխատանք է սպասվում այդ կառույցում, ուստի վերջին երկու նիստերի ընթացքում պատվիրակությունը որոշել է լայնորեն համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ: Ստեղծվել է համակարգող խորհուրդ, որի անդամները ըստ ոլորտների պետք է աշխատեն չորս աշխատանքային խմբերում: Նա նաեւ տեղեկացրեց, որ նախորդ օրը պատվիրակության նիստ է գումարվել եւ որոշվել ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հանձնաժողովներում հայաստանյան 10 պատվիրակների մասնակցության ցանկը: Արտակ Զաքարյանը ղեկավարելու է սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովը: Պարոն Հովհաննիսյանը հորդորեց համակարգող խորհրդի կոորդինատորներին եւ աշխատանքային խմբերի անդամներին ակտիվ մասնակցություն ունենալ  հանձնաժողովի աշխատանքներին, օրակարգային  հարցերի, զեկուցումների առնչությամբ հանդես գալ հիմնավորված  առաջարկներով:

Անդրադառնալով ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության կազմին` Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ ընդդիմության ներգրավվածության առումով հայաստանյան պատվիրակությունը շահեկանորեն տարբերվում է մասնակից պետությունների պատվիրակություններից: ԱԺ 10 ներկայացուցիչներից 3-ը ընդդիմադիր պատգամավորներ են,  ընդդիմադիր է նաեւ  պատվիրակության ղեկավարը: Այս երեւույթը բարձր են գնահատում եվրոպական կառույցները:

ԱԺ պատվիրակության ղեկավարը նկատեց, որ անցել է միայն հայտարարություններով եվրաինտեգրման մասին փաստելու ժամանակաշրջանը: Եվրոպական արժեքների, մասնավորապես ժողովրդավարության խնդիրները առաջնային պետք է լինեն բոլորիս համար, եւ  մեր երկրում այդ ուղղությամբ պետք է  արձանագրվեն առաջընթաց քայլեր: Բանախոսի համոզմամբ` այդ գաղափարների փոխանցողը հասարակության մեջ ՀԿ-ները եւ նիստին ներկա նրանց ներկայացուցիչները պետք է լինեն:

Ելույթ ունեցան նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` աշխատանքային 4 խմբերի կոորդինատորները: Աշխատանքները արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ նրանք առաջարկներ ներկայացրին` մասնավորապես կարեւորելով չճանաչված միավորների մասնակցությունն ապահովելու, մասնակցային դեմոկրատիայի խնդիրները, բարեփոխումներ կատարելիս գնահատման գործընթացի  եւ արդյունավետ ու օպերատիվ տեղեկատվության դերը:

ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամները համոզմունք հայտնեցին, որ հասարակական կազմակերպությունների հետ կձեւավորվի ակտիվ համագործակցություն, կարեւորեցին նրանց խորհրդատվությունն ու առաջարկները հատկապես հանձնաժողովների օրակարգերի վերաբերյալ:

Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության եւ համակարգող խորհրդի համատեղ նիստում քննարկվեցին նաեւ օրակարգային կոնկրետ հարցեր: