Տպել
14.06.2011
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարի հետ
1 / 1

Հունիսի 14-ին Ազգային ժողովի փոխնախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար  Սամվել Նիկոյանը հանդիպեց Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար  Անդերս Ջոնսոնին, որը Ազգային ժողովում էր գտնվում տարածաշրջանային խորհրդարանական համաժողովին մասնակցելու նպատակով:

Բարձր գնահատելով մարդու իրավունքների պաշտպանության եւ  ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում Միջխորհրդարանական միության դերը` պարոն Նիկոյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում անցկացվելիք համաժողովը էլ  ավելի կնպաստի Միջխորհրդարանական միության հետ ՀՀ Ազգային ժողովի  ակտիվ համագործակցությանը:

Պարոն Ջոնսոնը շնորհակալություն հայտնեց համաժողովը Հայաստանում անցկացնելու առաջարկը պատրաստակամությամբ ընդունելու եւ   բարձր մակարդակի կազմակերպչական աշխատանքի համար:

Երկուստեք կարեւորվեց  Միջխորհրդարանական միության աշխատանքներին տարածաշրջանի անդամ երկրների մասնակցությունը  ակտիվացնելու եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տարածաշրջանային համագործակցություն ծավալելու խնդիրը: Պարոն Նիկոյանն առաջարկեց  համագործակցել ոչ միայն կազամակերպության անդամ երկրների, այլեւ «չճանաչված» երկրների հետ` ապահովելով նրանց մասնակցությունը տարբեր հիմնախնդիրներին առնչվող սեմինարներին:

Պարոն Ջոնսոնը, գոհունակությամբ ընդունելով Միջխորհրդարանական միության` 2013-2014 թթ. վեհաժողովներից մեկը  Երեւանում անցկացնելու վերաբերյալ պարոն Նիկոյանի առաջարկը, տեղեկացրեց, որ հարցը կքննարկվի գործադիր կոմիտեում, եւ  բոլոր պայմանների հաշվառմամբ, երկուստեք համաձայնությամբ  կոնկրետ լուծում կստանա: