Հունիսի 14-ին Ազգային ժողովի փոխնախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Սամվել Նիկոյանը հանդիպեց Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Անդերս Ջոնսոնին, որը Ազգային ժողովում էր գտնվում տարածաշրջանային խորհրդարանական համաժողովին մասնակցելու նպատակով:
Բարձր գնահատելով մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում Միջխորհրդարանական միության դերը` պարոն Նիկոյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում անցկացվելիք համաժողովը էլ ավելի կնպաստի Միջխորհրդարանական միության հետ ՀՀ Ազգային ժողովի ակտիվ համագործակցությանը:
Պարոն Ջոնսոնը շնորհակալություն հայտնեց համաժողովը Հայաստանում անցկացնելու առաջարկը պատրաստակամությամբ ընդունելու եւ բարձր մակարդակի կազմակերպչական աշխատանքի համար:
Երկուստեք կարեւորվեց Միջխորհրդարանական միության աշխատանքներին տարածաշրջանի անդամ երկրների մասնակցությունը ակտիվացնելու եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տարածաշրջանային համագործակցություն ծավալելու խնդիրը: Պարոն Նիկոյանն առաջարկեց համագործակցել ոչ միայն կազամակերպության անդամ երկրների, այլեւ «չճանաչված» երկրների հետ` ապահովելով նրանց մասնակցությունը տարբեր հիմնախնդիրներին առնչվող սեմինարներին:
Պարոն Ջոնսոնը, գոհունակությամբ ընդունելով Միջխորհրդարանական միության` 2013-2014 թթ. վեհաժողովներից մեկը Երեւանում անցկացնելու վերաբերյալ պարոն Նիկոյանի առաջարկը, տեղեկացրեց, որ հարցը կքննարկվի գործադիր կոմիտեում, եւ բոլոր պայմանների հաշվառմամբ, երկուստեք համաձայնությամբ կոնկրետ լուծում կստանա: