2005թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը պայմանագիր է կնքել «HEDCON» LLC ՍՊԸ-ի հետ` ԱԺ նիստերի դահլիճի նախագծման վերաբերյալ: Նախագծի պատրաստումից հետո կատարված աշխատանքների համար Անահիտ Թարխանյանի կազմակերպությունը ստացել է համապատասխան գումար` 3 փուլով.
1-ին փուլով 2006 թվականի հունվարի 16-ին` 2 միլիոն 520 հազար դրամ.
2-րդ փուլով` 2006 թ. հունվարի 23-ին` 4 միլիոն 530 հազար դրամ
3-րդ փուլով 2007 թ. հունիսի 20-ին` 1 միլիոն 414 հազար դրամ:
Ընդհանուր առմամբ 8 միլիոն 464 հազար դրամ:
2010 թվականի մայիսին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ԱԺ նիստերի դահլիճի կապիտալ վերանորոգման եւ տեխնիկական վերազինման աշխատանքները համակարգելու եւ վերահսկելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով ` ԱԺ նախագահի գլխավորությամբ, ինչպես նաեւ աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ գլխավոր ճարտարապետ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ում առաջարկով էլ հանձնաժողովի եւ խմբի կազմում ընդգրկվել է նաեւ Անահիտ Թարխանյանը: Աշխատանքային խմբի հասարակական հիմունքներով ընդգրկված անդամները շարունակական ուղղումներ են մտցրել նախագծի մեջ:
Դահլիճի շինարարական աշխատանքների ավարտից հետո հանդիսավոր պայմաններում պարգեւներ են հանձնվել դահլիճի ճարտարապետներին եւ շինարարներին, այդ թվում նաեւ Անահիտ Թարխանյանին: