Հուլիսի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը նշեց, որ հայ եւ լեհ ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը դարերի պատմություն ունեն, ինչը լավ հիմք է ստեղծում այսօրվա միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացման համար: Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ հայ-լեհական միջպետական հարաբերությունները կանոնավոր բնույթ են կրում, հատկապես վերջին մեկուկես տարիներին եւ բարձր գնահատեց երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության դինամիկան: Խորհրդարանի ղեկավարը անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, նշելով, որ ԱԺ-ում գործում է Հայաստան-Լեհաստան բարեկամության պատգամավորական խումբը: Նրա խոսքով` այս ոլորտում համագործակցությունը չի սահմանափակվում միայն երկկողմ ձեւաչափով, այլ տարածվում է ԵՄ հետ Հայաստանի համագործակցության շրջանակներ, միջազգային խորհրդարանական կառույցներում երկու երկրների պատվիրակությունների միջեւ փոխգործակցություն, այդ թվում` նորաստեղծ ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական ձեւաչափ: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Արեւելյան գործընկերությունը նոր հեռանկար է բացում Հայաստանի համար եւ մեր երկիրը Նախագահի գլխավորությամբ հետեւողական է ԵՄ հետ քաղաքական երկխոսությունն ու աստիճանական տնտեսական ինտեգրումը խորացնելու իր հանձնառության մեջ: Նրա խոսքով` հաջող են ընթանում Ասոցացման համաձայնագրի բանակցությունները, աշխատանքներ են տարվում խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ: Այս ամենը կոչված է ոչ միայն սերտացնելու Հայաստանի ու ԵՄ միջեւ համագործակցությունը, այլեւ խթանելու մեր երկրում բարեփոխումների արդյունավետ շարունակումը
: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարեւորեց. սեպտեմբերի 30-ին Լեհաստանում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի անցկացումը, որի ընթացքում նախատեսվում է ընդունել համատեղ հռչակագիր: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի համար կարեւոր է, որպեսզի այդ փաստաթուղթը լինի հավասարակշռված. մասնավորապես, խոսքը վերաբերում է հակամարտությունների կարգավորմանն առնչվող ձեւակերպումներին: Նրա համոզմամբ, առաջիկա գագաթաժողովը խթան կհանդիսանա Արեւելյան գործընկերությամբ սահմանված նպատակների իրականացման համար եւ լավ հնարավորություն է նաեւ բարձր մակարդակով վերահաստատելու մասնակից երկրների քաղաքական հանձնառությունը Արեւելյան գործընկերությանը եւ ժողովրդավարական բարեփոխումներին: Հովիկ Աբրահամայնը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի ոչ կառուցողական պահվածքի կապակցությամբ, քանի որ այդ երկիրը հրաժարվում է մասնակցել Արեւելյան գործընկերության այն բազմակողմ ծրագրերին, որտեղ ներգրավված է Հայաստանը: Այդպիսով, վարկաբեկվում է Արեւելյան գործընկեության հիմնական գաղափարներից մեկը` տարածաշրջանային համագործակցությունը: ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ որ Լեհաստանի նախագահության ընթացքում առաջընթաց կգրանցվի Արեւելյան հարեւանների հետ հարաբերություններում: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ ՀՀ իշխանությունները երկրի Նախագահի գլխավորությամբ շարունակելու են երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները :
Լեհաստանի Նախագահը նշեց, որ ուրախ է գտնվել ՀՀ Ազգային ժողովում նաեւ այն պատճառով, որ 20 տարի եղել է պատգամավոր, իսկ մինչեւ Նախագահ ընտրվելը զբաղեցրել է Լեհաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը: Նրա խոսքով` խորհրդարանները ժողովրդավարության սիրտն են, որտեղ տեղի են ունենում քաղաքական բանավեճեր եւ ընդունվում են երկրի համար կարեւոր որոշումներ: Նշելով, որ հայ եւ լեհ ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի` Բրոնիսլավ Կոմորովսկին բարձր գնահատեց երկու երկրների փոխգործակցության մակարդակը` այս համատեքստում կարեւորելով միջխորդարանական համագործակցությունը: Լեհաստանի Նախագահը ընդգծեց, որպես ԵՄ նախագահող երկիր Լեհաստանը պատրաստ է աջակցելու Հայաստանին եւ կիսվելու իր փորձով եվրաինտեգրման գործընթացում` նշելով, որ իր երկիրը շահագրգիռ է, որպեսզի Հայաստանն այս ուղղությամբ ունենա հաջողություններ: «Մենք միեւնույն նավի վրա ենք»,- ասաց Բրոնիսլավ Կոմորովսկին:
Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս: