Նոյեմբերի 7-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության Երիտասարդական խորհրդարանականների մի խումբ անդամների հետ:
Ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում վրացի երիտասարդները, ովքեր Հայաստանում են հայ գործընկերների հրավերով, Արտակ Դավթյանին ներկայացրեցին Վրաստանի Երիտասարդական խորհրդարանի ստեղծման նպատակը, գործունեությունն ու հեռանկարները:
Մասնավորապես նշվեց, որ հայ եւ վրացի երիտասարդները նպատակ ունեն զարգացնել երկու երկրների երիտասարդների միջեւ կապերն ու հնարավոր համագործակցությունը, փոխանակել տարբեր ոլորտներում ունեցած տեղեկատվությունն ու փորձը, զարգացնել քաղաքական մշակույթը, հանդես գալ համատեղ եւ ընդհանուր հետաքրքրություն ունեցող ծրագրերով:
Այս նպատակների իրագործման համար հայ եւ վրացի երիտասարդներն ակնկալում են քաղաքականության մեջ առավել մեծ փորձ ունեցող պատգամավորների աջակցությունը, ինչը, ինչպես հավաստիացրեց Արտակ Դավթյանը` չի ուշանա:
Հանդիպման ավարտին հայ եւ վրացի երիտասարդ խորհրդարանականները ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը, ինչպես նշեց Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի նախագահող Հարություն Ազգալդյանը` սկիզբն է իրական համագործակցության: