Տպել
10.11.2011
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր Հակոբ Հակոբյանը: Նիստում պատգամավորները քննարկեցին ՀՅԴ խմբակցության հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը: Նա նշեց, որ օրինագծով առաջարկվում է երկրում նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի առնել գնաճի մակարդակը, կենսաապահովման նվազագույն բյուջեն կամ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, ինչպես նաեւ միջին աշխատավարձը: Ըստ Արա Նռանյանի` պետական եւ ոչ պետական հատվածում առկա միջին աշխատավարձերի մակարդակների միջեւ զգալի տարբերությունը արտահոսքի բարձր ռիսկ է ստեղծում դեպի մասնավոր հատված եւ այս տեսանկյունից անհրաժեշտ է կապ ապահովել երկրում առկա միջին աշխատավարձի եւ հանրային ծառայության վարձատրության միջեւ:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը նշեց, որ կառավարությունը դեմ է ներկայացված օրինագծերի փաթեթի ընդունմանը, քանի որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրինագծի ընդունումը պետական բյուջեում ծախսերի կտրուկ ավելացման եւ եկամուտների կրճատման տեսանկյունից լարվածություն է առաջացնելու:

Հանձնաժողովը  ոչ դրական եզրակացություն ներկայացրեց քննարկված օրինագծերին`  ԱԺ նիստերի մեծ օրակարգում ընդգրկվելու համար:

Հեղինակների առաջարկով մինչեւ 30 օրով հետձգվեցին մի շարք օրինագծերի քննարկումները: