Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում տեղի ունեցան հանդիպումներ խորհրդարանական չորս խմբակցությունների եւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP)-ի պատվիրակության միջեւ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը կուսակցության ու նրա առաջնորդի անունից ողջունեց ԵԺԿ-ի պատվիրակությանը` պատրաստակամություն հայտնելով ստեղծելու բոլոր հնարավորությունները կուսակցության գործունեությունն ու կառուցվածքն ամբողջությամբ պատկերացնելու համար: Բանախոսը, կարեւորելով այս հանդիպումը, նշեց` ԵԺԿ-ի հետ համագործակցության խորացումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական առաջնահերթություններից է: Խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հյուրերին ներկայացրեց կուսակցության կառուցվածքը, ստորաբաժանումները, նաեւ` թե ինչպես է աշխատում կուսակցությունը` ներքեւից վերեւ սկզբունքով: Տկն. Զոհրաբյանը ներկայացրեց նաեւ կուսակցության առաջիկա ծրագրերն ու նպատակները: Նա խոսեց «Բարգավաճ Հայաստան»-ի համար եվրաինտեգրման գործընթացի կարեւորության մասին` նշելով, որ կուսակցության ծրագրում եվրաինտեգրումը առաջնահերթություններից մեկն է: Քննարկվեցին նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր:
ԵԺԿ-ի պատվիրակության ղեկավար եւ կուսակցության փոխնախագահ Քորիեն Վորթման- Քուլը նույնպես կարեւորեց այս առաքելությունը` պայմանավորված Հայաստանի քաղաքական ուժերի հետ համագործակցությունն ամրապնդելու ցանկությամբ: Նա ողջունելի համարեց հատկապես կենտրոնամետ աջակողմյան ուժերի խմբի հետ փոխգործակցությունը` համարելով այն առավել արդյունավետ տարբերակ: Նաիրա Զոհրաբյանն ընդծեց, որ «Բարգավաճ Հայաստանը» եւ ԵԺԿ-ն դավանում են նույն արժեքներին` արդարությանն ու հանդուրժողականությանը, ինչն արտացոլված է թե երկու կուսակցությունների կանոնադրություններում եւ թե ծրագրերում: Պատգամավորի խոսքերով` իր ներկայացրած կուսակցությունը հավատում է բազմազանությամբ ուժեղ եւ միասնական Եվրոպա ունենալու հեռանկարին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս, հայ խորհրդարանականները պատաասխանեցին եվրոպացի գործընկերներին հետաքրքրող հարցերին:
Եվրոպայի ժողովրդական կուսակցության պատվիրակության հետ հանդիպեցին ԱԺ «Ժառանգություն»
խմբակցության անդամները:
Խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը բարձր գնահատեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության հետ «Ժառանգություն» կուսակցության համագործակցությունը:
Զրույցը հիմնականում ծավալվեց 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների եւ դրան ընդառաջ` շուրջ մեկ տարի առաջ բարեփոխված եւ ընդունված ՀՀ Ընտրական օրենսգրքի, օրենսդրական փոփոխությունների, ընտրող եւ պատգամավոր շփումների, բարձրագույն եւ հանրակրթական կրթության ոլորտում կատարված եւ նախատեսվող փոփոխությունների, կրթության որակի շուրջ:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով ՀՀ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ խմբակցության տեսակետներին` հատկապես կարեւորեց ընտրական ցուցակների հրապարակայնացման, ընտրական գործընթացի տեսանկարահանման, խորհրդարանում կանանց թվաքանակի ավելացման վերաբերյալ իրենց ներկայացրած առաջարկները:
Նա մասնավորապես նկատեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը մասնակցել է Ընտրական օրենսգրքի մշակման նպատակով 2008 թվականին ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին, սակայն իրենց խմբակցության ներկայացրած սկզբունքային առաջարկները չեն ընդունվել:
Խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն անդրադառնալով կրթական գործընթացներին` նշեց, որ բարձրագույն կրթությանը վերաբերող ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվում է մեր երկրում 4 տարի առաջ սկսված բոլոնյան գործընթացին: Մասնավորապես նշվեց, որ ՀՀ ԿԳ նախարարի հետ համատեղ մշակման փուլում է մի օրենսդրական նախաձեռնություն, որի ընդունման պարագայում հանրակրթությունը մեր հանրապետությունում կդառնա համընդհանուր ներառական:
Նույն օրը Եվրոպայի ժողովրդական կուսակցության պատվիրակության հետ հանդիպեցին նաեւ «Օրինաց երկիր»
խմբակցության անդամները:
Ողջունելով հյուրերին` խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ իրենց կուսակցությունը եվրոպական արժեքների կրող է եւ բարեփոխումների միտված քաղաքական ուժ: Նշվեց, որ իրենց կուսակցությունը մշտապես համագործակցել է ԵԺԿ-ի հետ եւ աժմ էլ ցանկանում է անդամակցել ԵԺԿ-ին, քանի որ կա արժեքների եւ գաղափարների նմանություն: Կուսակցությունն այս տարիների ընթացքում աշխատել է նպաստել եվրոպական կառույցների հետ հարաբերությունների սերտացմանը եւ խորացմանը: Նշվեց, որ ԵԺԿ-ի փորձի վրա ՕԵԿ-ը կուսակցության ներսում ստեղծել է Վերապատրաստման տնտեսական կուսակցական կրթական ակադեմիա: Խմբակցության ղեկավարը, անդրադառնալով կուսակցության օրենսդրական աշխատանքին, նշեց, որ խմբակցությունը ակտիվ աշխատում է եւ հեղինակել է շուրջ 200 օրենքներ, որոնք միտված են բարեփոխումներ մտցնելու տարբեր ոլորտներում. կրթություն, առողջապահություն, տնտեսություն, միջին եւ փոքր բիզնեսի զարգացում եւ այլն:
ԵԺԿ փոխնախագահ Քորիեն Վորթման-Քուլը նշեց, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի քաղաքական ուժերի հետ համագործակցությանը: Նա ԵԺԿ պատմության մեջ բացառիկ դեպք համարեց, երբ միաժամանակ Հայաստանի չորս կուսակցություն դիմել է անդամագրվելու իրենց կուսակցությանը:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանում 2012 թ. խորհրդարանական ընտրություններին, միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացմանը եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Եվրոպայի ժողովրդական կուսակցության պատվիրակության անդամների հետ հանդիպեցին նաեւ ՀՀԿ
խմբակցության անդամները: Խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, կարեւորելով վերջին շրջանում Հանրապետական կուսակցության ակտիվ շփումները ԵԺԿ-ի հետ եւ բարձր գնահատելով նրա որդեգրած գաղափարախոսությունը, արձանագրեց, որ դրանք միանգամայն համահունչ են իրենց կուսակցության սկզբունքներին ու մոտեցումներին:
ԵԺԿ պատվիրակության ղեկավարն էլ իր հերթին ուշագրավ համարեց Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներն ու կատարվող բարեփոխումները` արձանագրելով, որ Հայաստանը ընթանում է ժողովրդավարության ամրապնդման ճանապարհով եւ իրենք սատարում են այդ ընթացքին:
Հյուրերի խնդրանքով Գալուստ Սահակյանը ներկայացրեց Ազգային ժողովի աշխատանքի գերակա ուղղությունները, գալիք խորհրդարանական ընտրությունները արդար ու թափանցիկ անցկացնելու ՀՀԿ-ի դիրքորոշումը եւ ծանոթացրեց կուսակցության ֆինանսավորման մեխանիզմներին:
Մասնավորապես նա տեղեկացրեց, որ Ազգային ժողովը օրենսդրական բարեփոխումների ճանապարհն է ընտրել եւ հնարավորինս ամեն ինչ անում է, որ ՀՀ քաղաքական դաշտում կայուն զարգացում ապահովի, քանի որ դա միաժամանակ տնտեսական զարգացման գրավականն է: Տնտեսության, մշակույթի ու կրթության ոլորտների օրենսդրական բարեփոխումները խորհրդարանը փորձում է իրականություն դարձնել նոր մոտեցումների ներդրմամբ ու եվրոպական փորձի հաշվառումով:
Անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին` պարոն Սահակյանը արձանագրեց, որ իրենց կուսակցությունը, ինչպես ամեն մի քաղաքական ուժ, փորձելու է հնարավորինս շատ ձայներ ունենալ, բայց ամենակարեւորն այն է, որ ՀՀ քաղաքացիներն ու միջազգային հանրությունը էական առաջընթաց տեսնեն ընտրական գործընթացներում: Այդ նպատակին հասնելու համար կատարելագործվել է Ընտրական օրենսգիրքը, ընտրական գործընթացները վերահսկելի դարձնելու համար մեծացել են վստահված անձերի լիազորությունները: Որպես իշխող քաղաքական ուժ` իրենք ամեն ինչ անելու են, որ նախընտրական քարոզարշավի շրջանում քաղաքական ուժերի համար ստեղծվի հավասար պայմաններ, իսկ ընտրական գործընթացը լինի թափանցիկ:
Գալուստ Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենց կուսակցության բյուջեն ձեւավորվում է անդամավճարներից ու նվիրատվություններից: Այն շատ թափանցիկ է, քանի որ 3 ամիսը մեկ մամուլում ֆինանսական հաշվետվություն է ներկայացվում: Բանախոսը կարեւորեց նախընտրական շրջանում քաղաքական ուժերի ֆինանսական ծախսերի օրինականության ու վերահսկողության ապահովումը: Գալուստ Սահակյանի հավաստմամբ` այս հարցում եւս իրենց կուսակցությունը վճռական է տրամադրված:
ԵԺԿ պատվիրակության անդամները հույս հայտնեցին, իսկ ՀՀԿ ներկայացուցիչները հավաստիացրին, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են արդար ու թափանցիկ: