Փետրվարի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչին:
Ողջունելով հյուրին եւ շնորհավորելով նշանակման կապակցությամբ` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի ու Մեծ Բրիտանիայի միջեւ առկա է երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունները զարգացնելու բավականին լայն դաշտ եւ երկու պետությունների, եւ եվրոպական կառույցների մակարդակով: Այդ գործում Ազգային ժողովն ունի իր մասնակցությունը, եւ Սամվել Նիկոյանը պատրաստակամություն հայտնեց որպես խորհրդարանի նախագահ աջակցել համագործակցության ընդլայնմանը:
Մեծ Բրիտանիայի դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ իր փորձն ու կարողությունները կներդնի տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար:
Երկուստեք կարեւորվեց մասնավորապես փոխհարաբերությունների տնտեսական ոլորտը կանոնակարգող իրավապայմանագրային դաշտի ամբողջական ձեւավորումը, որը լավ երաշխիք կլինի փոխշահավետ համագործակցության զարգացման համար:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: