Տպել
13.02.2012
Կայացավ ՀՀ ԱԺ-ի եւ ԲՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի վեցերորդ նիստը
1 / 3

Փետրվարի 13-ին Երեւան ժամանեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի համանախագահ, ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկու գլխավորությամբ` մասնակցելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 6-րդ նիստի աշխատանքներին:

Բացելով նիստը` ՀՀ ԱԺ-ի եւ ԲՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը ողջունեց բելառուս գործընկերների այցը Հայաստանի խորհրդարան, կարեւորեց հանձնաժողովի դերակատարությունը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում: Բարձր գնահատելով հայ-բելառուսական հարաբերությունները` պարոն Կարապետյանն ընդգծեց, որ հանձնաժողովը երկու երկրների միջեւ միջխորհրդարանական ու միջտարածաշրջանային համագործակցության, միջազգային կառույցներում, էներգետիկայի, տնտեսության, մշակույթի ոլորտներում փոխգործակցության համար գործուն մեխանիզմ է դարձել: Հանձնաժողովի համանախագահը նշեց, որ Բելառուսը ԱՊՀ տարածքում Հայաստանի համար Ռուսաստանից եւ Ուկրաինայից հետո առեւտրի բնագավառում   երրորդ գործընկեր-պետությունն է: 2011 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 30 մլն 546 հազար ԱՄՆ դոլար, աճի տեմպը կազմել է 93.2 տոկոս: 2011 թ. տվյալներով` Հայաստանում գրանցված է 20 բելառուսական կազմակերպություն: Համանախագահի խոսքով` Բելառուսը Հայաստանի համար ռազմավարական կարեւորագույն գործընկեր է միջազգային կառույցներում: Կողմերը ակտիվ համագործակցում են նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Հրայր Կարապետյանը հիշեցրեց, որ մայիսին մեր երկրում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Նա համոզմունք հայտնեց, որ նոր խորհրդարանը կպահպանի ու կամրապնդի երկու երկրների խորհրդարանների միջեւ արդեն գոյություն ունեցող սերտ կապերը: Պարոն Կարապետյանը 6-րդ նիստի մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք եւ նոր ձեռքբերումներ:

ԲՀ ԱԺ-ի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԲՀ Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին, իր խոսքում շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ջերմ ընդունելության համար, կարեւորեց երկու բարեկամ ժողովուրդների խորհրդարանների միջեւ հարաբերությունների խորացումը: Այս համատեքստում պարոն Գումինսկին փաստեց, որ Բելառուսի խորհրդարանը միայն 4 պետությունների` Հայաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի եւ Չինաստանի խորհրդարանների հետ ունի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովներ: Նա բարձր գնահատեց միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը, որը, պարոն Գումինսկու գնահատմամբ, մեծապես կարող է նպաստել ոչ միայն միջխորհրդարանական կապերի զարգացմանը, այլեւ առեւտրատնտեսական ու միջտարածաշրջանային համագործակցության խորացմանը: Արժեւորվեց համագործակցությունը միջազգային կառույցներում: Նա նկատեց, որ թեեւ հայ-բելառուսական տնտեսական համագործակցությունը զարգանում է, մեծացել է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը, սակայն, ամբողջ ներուժը լիարժեք չի օգտագործվում: Հանձնաժողովի համանախագահը նշեց, որ իրենք սկսել են բելառուսական ատոմակայանի կառուցումը եւ կարեւորեց այս ոլորտում Հայաստանի փորձի ուսումնասիրությունը:

 Միջազգային կառույցներում` ԵՄ «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության շրջանակներում երկու երկրների խորհրդարանների փոխգործակցությանը եւ ԵԽԽՎ-ում ու ԵԱՀԿ-ում առանցքային հարցերի վերաբերյալ համաձայնեցված դիրքորոշումների մշակմանն  առնչվող հարցերի շուրջ ելույթներ ունեցան հայկական կողմից միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վարդան Խաչատրյանը եւ բելառուսական կողմից` Վիկտոր Գումինսկին:

Վարդան Խաչատրյանն իր զեկույցում նշեց, որ գոյություն ունեն շատ խորը կապեր եւ նմանություններ հայ ու բելառուս ժողովուրդների միջեւ, ինչն էլ ամուր հենք է դարձել նաեւ քաղաքական համագործակցության համար: Պարոն Խաչատրյանն ընդգծեց, որ հայկական կողմը շահագրգիռ է Բելառուսի հետ տնտեսական լուրջ համագործակցություն ծավալելու` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան ոլորտներ, որտեղ փոխգործակցությունը կարող է շահեկան լինել երկու կողմերի համար էլ:

Վիկտոր Գումինսկին նշեց, որ բելառուսական կողմը բարձր է գնահատում Բելառուսի եւ Հայաստանի խորհրդարանների ու միջխորհրդարանական կազմակերպությունների միջեւ հիմնված համագործակցությունը: Նա նկատեց, որ 2011 թ. սեպտեմբերի 29-30-ը Վարշավայում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի մեջ հնարավոր եղավ թույլ չտալ ներառելու ոչ ընդունելի իրավիճակներ Բելառուսում: Այս համատեքստում նա շնորհակալություն հայտնեց «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակությանը գագաթնաժողովի ընթացքում համակարգված եւ արդյունավետ աշխատանքի համար: Հանձնաժողովի համանախագահը կարեւորեց նաեւ երկու խորհրդարանների համագործակցությունը միջազգային այլ կառույցներում եւս` արձանագրելով, որ մինչ այժմ համատեղ աշխատանքը արդյունավետ է եղել:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի վեցերորդ նիստի օրակարգային հարցերի թվում էր նաեւ հանձնաժողովի հաջորդ` յոթերորդ նիստի անցկացմանը եւ աշխատանքային պլանին վերաբերող խնդիրների քննարկումը: Որոշվեց միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Բելառուսում` 2013 թ. առաջին կիսամյակում: Քննարկվեցին նաեւ ամփոփիչ փաստաթղթում ներկայացված հարցերը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի վեցերորդ նիստի վերջում ՀՀ ԱԺ-ի եւ ԲՀ ԱԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հրայր Կարապետյանը եւ Վիկտոր Գումինսկին ստորագրեցին միջխորհրդարանական հանձնաժողովի վեցերորդ նիստի արձանագրությունը:


12.07.2024
Ավստրիան` որպես ԵՄ անդամ երկիր, առանցքային գործընկեր է Հայաստանի համար. Հակոբ Արշակյանը` Ավստրիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը` Թբիլիսի): ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Ավստրիայի աջակցությունը մեր երկրին եւ այս հարցում նշել դեսպանի անձ...

12.07.2024
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հուլիսի 12-ին շարունակվել է Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը:  Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճա...