Տպել
17.02.2012
ՀՀ ԱԺ փոխնախագահ. «Արցախյան խնդիրն ունի մեկ լուծում. դա Արցախի պետության միջազգային ճանաչումն է»
1 / 1

Այսօր Ստեփանակերտում մեկնարկել է «ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովը` նվիրված ԼՂՀ հռչակման 20-ամյակին:  Գիտաժողովին ելույթներով հանդես են եկել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, այլք:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին` մասնավորապես նշելով, որ Արցախի Հանրապետության անկախությունը հիմնավորված է ԽՍՀՄ օրենսդրությամբ եւ միջազգային իրավական նորմերով: «Արցախը փաստացի անկախ պետություն է, որն իր անկախությունը նվաճել է Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիոն պատերազմում եւ ի տարբերություն Ադրբեջանի` կառուցում է պետություն, որը, ինչպես նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա»,-ասել է  պարոն Շարմազանովը, ընդգծելով, որ բոլորիս ջանքերը պետք է ուղղվեն Արցախի միջազգային ճանաչմանը:  Նրա խոսքով` վերջին զարգացումները ցույց են տվել, որ աշխարհում ընթանում է ազգերի ինքնորոշման իրավունքի հաղթարշավ` Հարավային Սուդանի եւ Արեւելյան Թիմորի օրինակով: «Համոզված եմ, որ արցախյան խնդիրն ունի մեկ լուծում. դա Արցախի պետության միջազգային ճանաչումն  է»,-իր ելույթում նշել է ԱԺ փոխխոսնակը: