Տպել
06.03.2012
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց ուսանողների հետ
1 / 4

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 6-ին հանդիպեց խորհրդարանում պրակտիկա անցնող Երեւանի պետական եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանների, Եվրոպական տարածաշրջանային  եւ Պետական կառավարման ակադեմիաների ուսանողներին:

 Երիտասարդներն ԱԺ նախագահին ներկայացրեցին, թե ինչ դրդապատճառներով են  պրակտիկայի համար հատկապես ընտրել խորհրդարանը: Պարոն Նիկոյանն իր խոսքում նշեց, որ Ազգային ժողովը ներկայացուցչական մարմի է եւ խորհրդարանում, առավել քան որեւէ այլ տեղ, ամբողջական է  ներկայացված երկրի քաղաքական դաշտը: Այս առումով Աժ նախագահն ապագա քաղաքագետների եւ միջազգայնագետների համար օգտակար համարեց խորհրդարանական շփումներն ու հանդիպումները: Նշեց, որ խորհրդարանականների համար եւս հետաքրքիր ու օգտակար է լսել նոր սերնդի մտածելակերպը, մտքերն ու գաղափարները:

Ուսանողների խնդրանքով անդրադառնալով տարբեր ընտրակարգերին` Աժ նախագահը կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուր երկիր պետք է գտնի իր համար կիրառելի մոդելը: Նրա խոսքով` Հայաստանի պարագայում, երբ խորհրդարանը միապալատ է, գտնվել է լավագույն եւ հավասարակշռված հարաբերակցությունը: Երկու` համամասնական եւ մեծամասնական, ընտրակարգերի համադրմամբ հնարավոր է օրենսդիր մարմնում ապահովել ինչպես կուսակցությունների, այնպես էլ հանրապետության տարբեր տարածքների ներկայացվածությունը:

Ուսանողներն ԱԺ նախագահի հետ զրուցեցին երիտասարդական խորհրդարանի գործունեության ու արդյունավետության մասին` կոչ անելով նաեւ բուհերի ուսանողների ներուժն օգտագործելու մեխանիզմներ գտնել:

Օրենսդիր մարմնի ղեկավարը երիտասարդական խորհրդարանը համարեց օրենքներն ուսումնասիրելու, տեսակետներ ձեւավորելու եւ արտահայտելու,  այլ հմտություններ ձեռքբերելու լավ դպրոց:

Բուհերի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողները հանդիպման ընթացքում անդրադարձան խորհրդարանական դիվանագիտությանն  ու հատկապես այն դեպքերին, երբ անհրաժեշտ է լինում արագ արձագանքել հակահայկական քարոզչությանը: Աժ նախագահն  ասաց, որ Հայաստանը ոչ բոլոր երկրներում ունի դիվանագիտական ներկայացուցչություններ`  տեղեկացված լինելու կամ արագ հակաքայլեր կատարելու համար: Լինելով արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մաս` խորհրդարանական դիվանագիտությունը նույնպես նպաստում է նախանշված առաջնահերթությունների իրացմանը,  ու հաճախ հաջողվում է փոքր ռեսուրսներով կանխել հակահայկական մի նոր ալիք: Իսկ խորհրդարանին վերապահված մեկ այլ` հայտարարություններ անելու լիազորությունը, ըստ Աժ նախագահի, պետք է իրականացվի ճիշտ պահին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ ազգային անվտանգությանը, բանակում արձանագրված միջադեպերի վերացմանը, տարածքների համաչափ զարգացմանը, գենդերային հավասարությանն առնչվող  հարցեր:

 Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` Աժ նախագահն ասաց, որ իշխանություններն անելու են ամեն ինչ` ազատ եւ արդար ընտրություններ ապահովելու համար: Աժ նախագահն իր հերթին պատրաստվում է հանդես գալ խորհրդարանում  մոնիտորինգի խումբ ստեղծելու նախաձեռնությամբ` խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների կողմից Ընտրական օրենսգրքի պահանջների կատարմանը հետեւելու համար:

 Պարոն Նիկոյանը հանդիպման ավարտին երիտասարդներին հորդորեց  լավ սովորել, մաղթեց լինել նպատակասլաց ու մրցակցության մեջ առաջանցիկ:


11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...