Տպել
13.04.2012
Կայացավ ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական հանդիպումը
1 / 6
Տեսանյութ

Ապրիլի 13-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական` երրորդ հանդիպումը` մասնակցությամբ նրանում ընդգրկված կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների: Նախորդ հանդիպմանը ԱԺ նախագահի առաջարկով հաստատված օրակարգի համաձայն, այսօր հրավիրվել էին նաեւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ու անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Վերջիններս հանգամանալից ներկայացրեցին ընտրական ցուցակների կազմման, դրանց առավելագույն ճշգրտման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Խմբին մտահոգող կարեւորագույն հարցերից էր մեկ անձի` մի քանի անձնագիր ունենալու մասին լրատվամիջոցների հրապարակումները:

Փոխոստիկանապետը մանրամասն տեղեկացրեց ՀՀ քաղաքացուն անձնագիր տրամադրելու ողջ գործընթացը, որով բացառեց նման դեպքերի հնարավորությունը: Արթուր Օսիկյանը հավաստիացրեց, որ ճշմարտությանը չեն համապատասխանում մամուլում եւ հասարակության մեջ շրջանառվող այն լուրերը, թե Հայաստանում շատ քաղաքացիներ ունեն երկու անձնագիր եւ կարող են իրականացնել կրկնակի քվեարկություն: Ըստ նրա` ոստիկանությունում խնդիր է դրված անդրադառնալ մամուլում տեղ գտած բոլոր հաղորդագրություններին: Նշվեց, որ գործող Ընտրական օրենսգրքով ավելի հրապարակային են դարձել ընտրական ցուցակները, որոնք տեղակայված են համացանցում, եւ յուրաքանչյուր մեկը հնարավորություն ունի դրանք ստուգելու, առկա անճշտությունները շտկելու: Տեղեկացվեց, որ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունում ստեղծվել է թեժ գիծ, որի միջոցով մինչ օրս ստացվել է 95 ահազանգ` կապված ընտրությունների ցուցակների անճշտությունների հետ: Բոլոր ահազանգերին տրվել են պարզաբանումներ:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հանդիպման մասնակիցներին հորդորեց ներկայացնել կրկնակի անձնագիր ունենալու գեթ մեկ փաստ, ինչը նրանցից որեւէ մեկը դժվարացավ մատնացույց անել: Խորհրդարանի ղեկավարն ու փոխոստիկանապետը կոչ արեցին թե ընտրացուցակների հետ կապված, թե անձնագրերի առնչությամբ հայտնաբերված ցանկացած փաստացի խախտման վերաբերյալ ահազանգել, աջակցել դրանց բացահայտմանն ու վերացմանը:

Հանդիպման մասնակիցները ներկայացրեցին իրենց բոլոր մտահոգությունները: Անդրադառնալով մեկ հասցեում մի քանի անձանց գրանցված լինելու փաստերին` փոխոստիկանապետը նշեց, որ դա օրենքով սահմանափակված չէ, եթե առկա է տվյալ տարածքի սեփականատիրոջ համաձայնությունը: Հնչեցին նաեւ արտերկում բնակվող ՀՀ քաղաքացիների` ընտրություններին մասնակցելու կարգին, նրանց հաշվառման հետ կապված խնդիրներին, ընտրացուցակներում մահացած մարդկանց անունների առկայությանը վերաբերող հարցեր: Վերջինիս առնչությամբ  պարոն Օսիկյանը նշեց, որ դա պայմանավորված է մահացածների մասին հաշվառման ռեգիստրին պատշաճ կարգով չտեղեկացնելով: Այժմ ոստիկանության տեսուչները տեղերում աշխատանքներ են տանում մահացած անձանց հաշվառումից հանելու ուղղությամբ: Այս գործում եւս փոխոստիկանապետը կարեւորեց քաղաքական ուժերի, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների աջակցությունը: Նա պատասխանեց առաջադրված բոլոր հարցերին` յուրաքանչյուր դեպքում ներկայացնելով այն օրենսդրական հիմքը, որով լուծում է տրված կամ հնարավոր է կարգավորել դրանք:
 


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: Աժ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակաում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լս...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...