Տպել
03.05.2012
Հանդիպում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մայիսի 3-ին հանդիպեց մայրաքաղաքի թիվ 78 հիմնական դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ` «Փրկենք երեխաներին» կազմակերպության «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» ծրագրի շրջանակներում:

ԱԺ հանձնաժողովի նախագահը օրենսդրի հիմնական գործառույթներն ու Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները ներկայացնելուց բացի դպրոցականներին ծանոթացրեց իր գլխավորած հանձնաժողովի գործունեության  ուղղություններին:

Բանախոսը երեխաների համար պարզաբանեց խորհրդարանի ներկայացուցչական բնույթը` ծանոթացնելով նաեւ մեծամասնական ու  համամասնական ընտրակարգերի առանձնահատկություններին: Խոսեց օրենքների ստեղծման, մասնավորապես մշտական հանձնաժողովներում մասնագիտական քննարկումների մասին` ընդգծելով օրենքի  կենսական նշանակությունը հասարակական բոլոր հարաբերություններում ու նաեւ  օրենքի գերակայության եւ հավասարության սկզբունքի կարեւորությունը: Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց նաեւ խորհրդարանի վերահսկողական լիազորությունները, ընդգծեց խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը:

Պրն. Դավթյանը դպրոցականների հետ զրույցում անդրադարձավ կրթության, մասնավորապես հանրակրթության թեմային` մանրամասնելով վերջինիս եռաստիճան համակարգը: Նա նկատեց, որ Հայաստանն արդեն 20 տարի է` անկախ պետություն է եւ պետք է ունենա միջազգային զարգացումներին համահունչ, այլ երկրների հետ համադրելի կառուցվածքով ու ծրագրերով կրթական համակարգ: Նշելով, որ ցանկացած նոր նախաձեռնություն կարող է ունենալ թերի կողմեր` անցումը եռաստիճան համակագին հանձնաժողովի նախագահը համարեց անհրաժեշտ ու արդարացված: Արտակ Դավթյանն ասաց, որ կարեւոր խնդիր է մնում որակի ապահովումը եւ ընդգծեց ավագ դպրոցը  նյութատեխնիկական բազայով հարստացնելու  ու  բարձրորակ մասնագետներով համալրելու անհրաժեշտությունը:

Աշակերտների հարցերից մեկը  այն խնդրին էր վերաբերում, թե ավագ դպրոցներն արդյոք պատրաստ են իրենց առջեւ դրված խնդիրները լուծելու: Արտակ Դավթյանը պատասխանեց, որ ժամանակ է պետք որոշակի չափանիշներ ներդնելու համար: Դպրոցականները մտահոգություն հայտնեցին կրթական ծրագրերի ու դասագրքերի անհամապատասխանության, դրանցում օգտագործվող ոչ հասկանալի բառապաշարի վերաբերյալ, հարց ուղղեցին բուհերում սովորելու անվճար տեղերն ավելացնելու մասին: Այս առիթով հանձնաժողովի նախագահը նշեց, որ պետությունն իրեն անհրաժեշտ  մասնագետների պահանջարկով է առաջնորդվում անվճար տեղեր սահմանելիս: Պրն. Դավթյանը հատկանշական համարեց, որ անգամ ֆինանսական ճգնաժամի պայմաններում չեն կրճատվել կրթության համար նախատեսված միջոցները` համարվելով առաջնահերթ: