Տպել
11.05.2012
Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահի Ալգիս Կաշետայի հետ
1 / 1

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետայի հետ: 

Պարոն Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Լիտվայի Հանրապետության Սեյմասին` ի դեմս լիտվացի պատգամավորների, առ այն, որ մայիսի 10-ին «Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման վերաբերյալ» Սեյմասի օրակարգ մտցված ծայրաստիճան ադրբեջանամետ բանաձեւի նախագիծը քվեարկության արդյունքում մերժվել է: 

ԱԺ փոխնախագահի խոսքով` այս քայլով Լիտվան եւս մեկ անգամ վերահաստատել է իր կշռադատված դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ` ցույց տալով, որ Ադրբեջանի ապակառուցողական քայլերն ապարդյուն են: 

Իր հերթին, Ալգիս Կաշետան շնորհավորել է է. Շարմազանովին եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ:

Պարոն Կաշետան նշել է, որ ԱԺ ընտրություններին հետեւած լիտվացի դիտորդները վկայել են, որ Հայաստանում անցկացվել են ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ: 

Կողմերը կարեւորել են երկու երկրների եւ խորհրդարանների միջեւ հետագա փոխգործակցությունը եւ հույս հայտնել, որ հայ-լիտվական բարեկամական հարաբերություններն այսուհետ եւս կշարունակեն սերտանալ: