Տպել
17.07.2012
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունեց ՌԴ Պետդումայի պատվիրակությանը
1 / 2

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի պատվիրակությանը, որը հուլիսի 18-ին Երեւանից մեկնելու է ԼՂՀ` դիտորդական առաքելությամբ մասնակցելու այստեղ կայանալիք նախագահական ընտրություններին:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` ԱԺ փոխնախագահը նշեց, որ ուրախալի փաստ է ռուսաստանցի գործընկերների այցը Հայաստան եւ նրանց սպասվելիք մասնակցությունը ԼՂՀ ղեկավարի ընտրություններին: Նա համոզմունք հայտնեց, որ պատվիրակության անդամները, լինելով Ղարաբաղում, տեղում կհամոզվեն` արցախցիները, կերտելով անկախ պետություն, հիմնվում են ժողովրդավարական արժեքների վրա:

Էդուարդ Շարմազանովի խոսքով, դարեր շարունակ հայ-ռուսական հարաբերությունները եղել են բարեկամական, եւ այսօր  երկու երկրները ոչ միայն ռազմավարական, այլ նաեւ դաշնակցային գործընկերներ են: Ըստ նրա` երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ուղղություններով` տնտեսական,  քաղաքական, հումանիտար, մշակութային, այլ: ԱԺ փոխնախագահը երկկողմ  հարաբերությունների հետագա խորացման գործընթացում մեծապես կարեւորեց  միջխորհրդարանական սերտ կապերի եղած ավանդույթների զարգացումը:

Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ալեքսանդր Բալբերովի խոսքով, ով դիտորդ է եղել նաեւ ՀՀ Ազգային ժողովի` մայիսին կայացած ընտրությունների ժամանակ եւ տպավորված է դրանց բարձր մակարդակով անցկացմամբ, իրենց ներկայիս այցը նախեւառաջ պայմանավորված  է այն համոզմամբ, որ միայն խաղաղ ճանապարհով է հնարավոր լուծել ցանկացած, այդ թվում` ԼՂ հակամարտությունը: Ըստ նրա` հակացուցված են արտաքին, առավել եւս ռազմական միջամտությունները: «Ժողովուրդն  ինքը պետք է որոշի որ երկրում ապրի, ով իրեն ղեկավարի, ինչ ճանապարհով զարգանա»,-ասաց Ալեքսանդր Բալբերովը` համոզմունք հայտնելով, որ ԼՂՀ նախագահի ընտրությունները կլինեն Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության եւս մեկ դրսեւորում:

Պատգամավոր Իվան Սուխարեւը(ՌԼԴԿ) եւս ընդգծեց հայ-ռուսական ջերմ, բարեկամական հարաբերությունները, եւ որպես քաղաքականության մեջ երիտասարդ սերնդի ներկայացուցիչ նշեց, որ պետք է նոր նախաձեռնություններով ու ծրագրերի իրականացմամբ ամրապնդել  եղած  դաշնակցային կապերը:

Հանդիպմանը մասնակցող ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի խոսքով` ԼՂՀ նախագահի ընտրություններին ՌԴ պետդումայի պատգամավորների` որպես դիտորդ մասնակցության  որոշումը խիզախ եւ գնահատելի քայլ է, քանի որ Ադրբեջանը ոչ համարժեք գնահատականներ է տալիս նման դիրքորոշմանը: Այս երկրի այդպիսի կեցվածքը նա որակեց անհեռատես եւ սխալ, քանի որ, որպես դրա արդյունք, նորանոր մարդիկ են հետաքրքրվում ԼՂՀ ճակատագրով` ձգտելով տեղում անձամբ ծանոթանալ իրավիճակին, արցախցիների կյանքին: Ըստ Արտակ Զաքարյանի` ԼՂՀ նախագահի առաջիկա ընտրությունները եւս մեկ ցուցանիշ են, որ Արցախն ընթանում է ժողովրդավարության ուղով: Նա կարեւորեց նաեւ համատեղ ջանքերով տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորումը, ինչին մեծապես կարող են նպաստել խորհրդարանականների պարբերական, նպատակային շփումները:

ՌԴ Հասարակական պալատի անդամ Դենիս Դվորնիկովը, ով ներկայացնում է նաեւ Ռուսաստանի Միջազգային իրավունքի ընկերակցությունը, նշեց, որ իր համար միջազգային իրավունքի տեսանկյունից ղարաբաղյան հիմնախնդիրը միանշանակ լուծում ունի` յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորաշման իրավունք: «Այստեղ երկրորդ կարծիք պարզապես չի կարող լինել»,-ընդգծեց նա: Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով, համատեղ ջանքերը հարկ է ուղղել նաեւ նրան, որ այս մոտեցումը փոխանցվի ու դառնա քաղաքացիական հասարակության համոզմունքը: Դենիս Դվորնիկովի խոսքով`պատմական աղավաղումների դեմ եւ ճշմարտության ու արդարության վերականգնմանն ուղղված պայքարում մեծ դերակատարում ունեն նաեւ քաղաքացիական կառույցները: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց աշխուժացնել նման կառույցների համագործակցությունը:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
 


17.07.2012
Էդուարդ Շարմազանովն ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունեց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (Բելգիա) կազմակերպության պատվիրակությանը: Վերջինս, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հրավերով, հուլիսի 18-21-ը դիտորդական առաքելություն կիրականացնի ԼՂՀ նախագահի ընտրություններում: Պատվիրակության ...

17.07.2012
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց Կանադայի Համայնքների պալատի ներկայացուցիչներին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունեց Կանադայի Համայնքների պալատի անդամներ, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ջիմ Կարիջիանիսին եւ Ալեքսանդր Բուլրիսին: Ողջունելով կանադացի պատգամավորների այցը  Հայաստանի խորհրդարան` Էդուարդ Շարմազանովը ...

17.07.2012
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հուլիսի 17-ին հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Հայ-չինական հարաբերությունները, դեսպանի գնահատմամբ, անկախացումից ի վեր եւ դիվանագիտական հարաբերություննե...

17.07.2012
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ կմեկնի ԼՂՀ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար հուլիսի 18-ին եռօրյա այցով Ստեփանակերտ կմեկնի ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Արտակ Դա...