Տպել
12.11.2012
«Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ Անդրեյ Կլիմովը հանդիպեց ԱԺ պատգամավորների հետ
1 / 3

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀԿ խմբակցությունից Վոլոդյա Բադալյանը, Ռազմիկ Զոհրաբյանը եւ ԲՀԿ խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանն ու Մերուժան Սիմոնյանը նոյեմբերի 12-ին հանդիպեցին Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի անդամ, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության արտաքին կապերի ղեկավար Անդրեյ Կլիմովի հետ:

Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի փոխնախագահը կուսակցությունների միջեւ երկխոսությունն ու համագործակցությունը բնորոշեց որպես լավ նախադրյալ երկու երկրների միջեւ հարաբերություններն ավելի ամրապնդելու, քաղաքական ու տնտեսական մակարդակներում նոր արդյունքների հասնելու համար: Ինչպես նշեց Հերմինե Նաղդալյանը, Հայաստանը Ռուսաստանին դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր՝ հավալելով, որ փոխըմբռնումն ու փոխզիջումը պետք է առաջնորդեն երկու երկրներին բոլոր հարաբերություններում, հատկապես՝ միջազգային կառույցներում: Որպես Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ՝ նա անդարդարձավ կառույցի առաջիկա անելիքներին, մասնավորապես առաջիկայում նախատեսվող նիստի օրակարգային հարցերին: Բանախոսն արդյունավետ համարեց ինչպես այդ, այնպես էլ անվտանգության հարցում երկու երկրների փոխգործակցության մակարդակը: Անդրեյ Կլիմովի խոսքերով՝ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունն ու երկխոսությունը, նաեւ՝ վերջինիս գործընկերային դիրքորոշումները միջազգային տարբեր կառույցներում ու հարթակներում: Խոսելով Եվրասիական միությունից ու տնտեսական համագործակցությունից՝ «Միացյալ Ռուսաստան»-ի ներկայացուցիչը տեղեկացրեց Բրյուսելում այս հարցին նվիրված քննարկումներ նախատեսելու մասին՝ հավելելով, որ Ռուսաստանն առաջնորդվելու է ոչ միայն սեփական շահերով, այլ նաեւ պաշտպանելու է իր ռազմավարական գործընկերների հետաքրքրությունները:

Երկու կուսակցությունների հետ «Միացյալ Ռուսաստան»-ի համագործակցությունը բարձր գնահատեցին Տիգրան Ուրիխանյանը եւ Արտակ Զաքարյանը: Վերջինս կուսակցությունների մակարդակով շփումները համարեց ամենակայունը, նաեւ ընդգծեց միմյանց շահերը համաձայնեցված պաշտպանելու եւ վերջերս հաջողությամբ իրականացվող խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցելու կարեւորությունը: Հանձնաժողովի նախագահը հյուրի ուշադրությունը հրավիրեց տարածաշրջանային համագործակցության վրա՝ ակնկալելով, որ այստեղ առկա նուրբ խնդիրները եւս կարժանանան աջակցության:

 Անդրեյ Կլիմովն իր արձագանքում հաստատեց Ռուսաստանի մեծ հետաքրքրությունն այս տարածաշրջանում:

Տիգրան Ուրիխանյանը, միջկուսակցական շփումները կարեւոր նախաձեռնություն համարելով, ջանքերը շարունակելու եւ համագործակցության նոր հարթակներ ձեւավորելու պատրաստակամություն հայտնեց: