Խորհրդարանի այգում դեկտեմբերի 28-ին ամանորյա եւ Սուրբ ծննդյան տոնական միջոցառում էր, որն անց էր կացվում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո:
«Բաց դռներ» ծրագիրը հերթական անգամ մանուկներին տոն պարգեւեց՝ նրանց համար գեղեցիկ համերգ եւ սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսների հետ հանդիպում կազմակերպելով: Հանրային ռադիոյի «Արեւիկ» համույթի, Դալիթայի, «Աստղիկներ նախագծի», Սիլվա Հակոբյանի եւ այլոց երգերի հնչյունները եւ Ձմեռ պապիկի ու Ձյունանուշիկի մասնակցությունն այգում ուրախ ու ջերմ մթնոլորտ էին ստեղծել: Ազգային ժողովը մանուկների համար պատրաստել էր ամանորյա նվերներ, բայց սպասվում էր այլ անակնկալ եւս. փոքրիկներին շնորհավորելու, բարեմաղթելու ու պարզապես զրուցելու մոտեցան Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ:
Այգում կազմակերպվել էր նաեւ ցուցահանդես. ներկայացված էին Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի ու Արաբկիրի հայորդյաց տան սաների ստեղծագործությունները, իսկ Մարի Իզմիրյանի անվան մանկատան երեխաները հենց այգում գունազարդում էին կավե քանդակները: