Տպել
25.01.2013
Տեղի ունեցավ Երիտասարդական խորհրդարանի երկրորդ գումարման երկրորդ նիստը
1 / 3
ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի երկրորդ գումարման՝ հունվարի 25-ին հրավիրված երկրորդ նիստում քննարկվեց ԵԽ անդամ Սեւակ Խաչատրյանի հեղինակած «ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Դրանով առաջարկվում է ամրագրել, որ ԵԽ-ում գործող մշտական հանձնաժողովների նախագահներն ընտրվում են երեք ամսով: Նաեւ սահմանվում է, որ նույն անձը հանձնաժողովի նախագահի պաշտոնում կարող է վերընտրվել միայն այն դեպքում, երբ հանձնաժողովի բոլոր անդամները ստանձնած կլինեն հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Սահմանվում է նաեւ հանձնաժողովի նախագահի ընտրության, նրան անվստահություն հայտնելու վերաբերյալ կարգը: Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է հանձնաժողովների կազմում ընդգրկել ԼՂՀ-ի մեկական ներկայացուցիչ: Քվեարկության արդյունքում օրինագիծն ընդունվեց:

Երիտասարդական խորհրդարանի որոշման համաձայն՝ մեկուկես ժամ հատկացվեց հայտարարություններին: ԵԽ անդամ Հարություն Ազգալդյանը տեղեկացրեց, որ առաջիկայում Երիտասարդական խորհրդարանը կունենա իր կայքը: