Տպել
21.03.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 2

Մարտի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման տարիներին երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները առավել կամրապնդվեն, կխորանանան եւ զգալի ձեռքբերումներ կարձանագրվեն՝ ինչպես միջպետական, այնպես էլ միջխորհրդարանական հարաբերություններում: Հովիկ Աբրահամյանը ընդգծեց երկու երկրների միջխորհրդարանական կապերը ակտիվացնելու եւ զարգացնելու անհրաժեշտությունը` կարեւորելով փոխադարձ շփումները, կոնկրետ ծրագրերի մշակումն ու իրականացումը: ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել հայ-հնդկական փոխգործակցության զարգացմանը երկկողմ կարեւորություն ունեցող ոլորտներում: Խորհրդարանի ղեկավարը կարեւոր համարեց համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության, գյուղատնտեսության, մշակույթի եւ կրթության բնագավառներում:

Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշեց, որ իր ջանքերը կներդնի հայ-հնդկական ջերմ եւ բարեկամական հարաբերությունները զարգացնելու տարբեր ուղղություններով: Երկուստեք կարեւորվեց միջխորհրդարանական կապերի զարգացման եւ խորացման անհրաժեշտությունը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Դեսպանը անհրաժեշտ համարեց առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս: