Տպել
10.04.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամներին
1 / 2

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամներ, արտաքին գործերի նախարարի խորհրդարանական քարտուղար Դիպակ Օբհրային եւ բազմամշակութային հարցերով խորհրդարանական քարտուղար Չենգսեն Լեունգին: Հանդիպմանը ներկա էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը ուրախությամբ նշեց, որ հայ-կանադական հարաբերությունները կայուն զարգանում են եւ երկու երկրներն ունեն բարեկամության եւ համագործակցության բարի ավանդույթներ: Հովիկ Աբրահամյանը շեշտեց միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը, ինչը լրացուցիչ խթան է հանդիսանում քաղաքական, մշակութային, կրթական եւ առեւտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնման գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար`պարոն Օբհրան նշեց, որ իրենք տպավորված են ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման փայլուն կազմակերպված հանդիսավոր արարողությունից: Նա ընդգծեց, որ Կանադան մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանը տարբեր ուղղություններով` հույս հայտնելով, որ իր այցը կխթանի երկկողմ գործակցությունը, քանի որ համոզված է, որ երկկողմ հարաբերությունները զարգացնելու բազմաթիվ ոլորտներ կան:Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը մտահոգություն հայտնեց, որ Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի Կանադա-Ադրբեջան բարեկամության խմբի նախագահ Բարրի Դեվոլինը մտադրություն ունի Կանադայի Համայնքների պալատի քննարկմանը ներկայացնել Խոջալուի դեպքերի վերաբերյալ կողմնակալ տեղեկատվություն: «Սա առաջին դեպքը չէ, որ տարբեր երկրներում գործող Ադրբեջանի դեսպանությունը դիտավորյալ կերպով ապակողմնորոշում է հասարակությանը՝ ներկայացնելով խեղաթյուրված տեղեկատվություն տարբեր իրադարձությունների շուրջ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատելով Կանադայի հավասարակշռված եւ չեզոք դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում` հույս հայտնեց, որ Կանադայի Համայնքների պալատը զերծ կմնա ադրբեջանցիների կողմից մատուցած ապատեղեկատվությունը խորհրդարանում քննարկման առարկա դարձնելուց: Պարոն Օբհրան ԱԺ նախագահին հավաստիասցրեց, որ անպայման հաշվի կառնեն Հովիկ Աբրահամյանի մտահոգությունը եւ շեշտեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Կանադայի իշխանությունների դիրքորոշումը անփոփոխ է:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: