ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մայիսի 3-ին հանդիպեց Չեխիայի ԱԳՆ Եվրոպայի արեւելյան գործընկերության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Պետեր Մարեշի եւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի հավատարմատար Պետր Միկիսկայի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին աշնանը Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության հերթական գագաթաժողովին վերաբերող հարցեր: Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ գագաթաժողովի ընթացքում Հայաստանի հետ կնախաստորագրվի Ասոցացման պայմանագիրը, ինչը լրջագույն խթան կհանդիսանա, որպեսզի բարեփոխումներն անցնեն իրական կիրառման փուլ:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ նշեց, որ շատ կարեւոր է, որ Վիլնյուսից հետո կսկսվի արդեն հայտարարված հռչակագրերի իրագործման փուլը, ինչը նշանակում է, որ ԱԺ-ում ներկայացված տարբեր խորհրդարանական ուժերի իրական բազմակարծության մթնոլորտում հնարավոր կլինի իրականացնել իրական բարեփոխումներ: