Տպել
18.05.2013
ԱԺ հանձնաժողովի նիստում
1 / 1

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ մայիսի 18-ին քննարկեց 2013 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին կառավարության ներկայացրած տեղեկատվությունը:

Թեեւ «Բյուջետային համակարգի մասին» օրենքի պահանջն է, որ գործադիրը խորհրդարանին ներկայացնի եռամսյակային հաշվետվություններ, սակայն առաջին անգամ է դրա վերաբերյալ քննարկում կազմակերպվում, եւ օրենսդրորեն կարգավորված չէ դրա ընթացակարգը: Թե պատգամավորները թե ֆինանսների նախարարության պատասխանատուները ողջունելի համարեցին այս նախաձեռնությունը, որը ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի ու գերմանական GIZ կազմակերպության համագործակցության արդյունք է:

Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանն ընդհանուր ուղղություններով, նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն ու նախարարի տեղակալ Վարդան Արամյանն առավել հանգամանալից ներկայացրին ընթացիկ տարվա առաջին եռամսյակի հաշվետվությունը՝ պարզաբանելով հանձնաժողովի անդամներին հետաքրքրող մակրոտնտեսական ցուցանիշներն ու ստացված արդյունքները: Ըստ այդմ՝ 2013 թ. առաջին եռամսյակում պահպանվել են տնտեսության զարգացման դրական միտումները՝ հանգեցնելով մակրոտնտեսական իրավիճակի բարելավմանը: 12-ամսյա գնաճը կազմել է 3,4 տոկոս, արձանագրվել է եկամուտների 23,6 տոկոս եւ ծախսերի 9,3 տոկոս աճ: Տնտեսական ակտիվությանը նպաստել են արդյունաբերության ու ծառայությունների ոլորտները, մինչդեռ շինարարության հատվածում անկում է գրանցվել: Եկամուտների գծով եռամսյակի ընթացքում բյուջեի կատարողականը կազմել է 102,3 տոկոս, իրականացվել է ծախսային ծրագրի 83,5 տոկոսը: Ցածր է պաշտոնական դրամաշնորհների կատարման ցուցանիշը, մասնավորապես չի ստացվել ԵՄ նախատեսած 3,1 մլրդ դրամը: Ատոմ Ջանջուղազյանի հիմնավորմամբ՝ պետությունն ամբողջությամբ եւ ժամանակին է կատարել իր ստանձնած ֆինանսական պարտավորությունները, կատարողականի շեղումը պայմանավորված է տարբեր ծրագրերում շահառուների թվի նվազման կամ այլ օբյեկտիվ պատճառներով: Հաշվետու ժամանակահատվածում պակասուրդ չի գրանցվել, եղել է 22,4 մլրդ դրամի հավելուրդ:

Գործադիր իշխանության ներկայացուցիչները պատգամավորների հետ քննարկեցին հաշվետվության կազմման մեթոդոլոգիային, ցուցանիշների համադրմանն ու ծախսերի թերակատարմանն առնչվող հարցեր :




18.05.2013
Համատեղ քննարկումներ ԼՂՀ Ազգային ժողովում
Մայիսի 18-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դալիճում՝ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության ծրագրի շրջանակներում, տեղի են ունեցել ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ խորհրդատվական քննարկումներ: Հիմնական թեման խորհրդարանական դիվանագիտությա...