Տպել
30.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդին
1 / 2

Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց քառօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդին:

Ողջունելով հյուրին եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ Հայաստան այցելելու համար` Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ Քուվեյթի խորհրդարանի նախագահի այցը էապես կնպաստի հայ-քուվեյթյան հարաբերությունների եւ, հատկապես, միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը: ԱԺ նախագահը կարեւորեց արաբական աշխարհի հետ տարբեր հարթություններում հարաբերությունների զարգացումը, այդ թվում, նաեւ բարեկամ Քուվեյթի հետ: Նա գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ հարաբերությունները կայուն առաջընթաց են ապրում եւ բարձր գնահատեց մեր երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը: ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը, պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը, ինչը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը եւ ընդլայնմանը: «Միջխորհրդարանական կապերը հանդիսանում են միջպետական հարաբերությունների կարեւոր բաղադրիչ եւ խորհրդարանների միջեւ շփումների ակտիվացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով նպաստում են փոխըմբռնման եւ փոխվստահության ամրապնդմանը, միջազգային կազմակերպություններում միասնական տեսակետների շրջանակի ընդլայմանը»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: Կարեւորելով տարածաշրջանային կայունությունը եւ անվտանգությունը` ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին եւ մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքերից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Քուվեյթի Ազգային ժողովի նախագահը համոզմունք հայտնեց, որ իր պաշտոնական այցը Հայաստան կարեւոր խթան կհանդիսանա երկու երկրների փոխգործակցության զարգացմանը: Նրա համոզմամբ` միջխորհրդարանական համագործակցության խորացումը էապես կնպաստի բոլոր ուղղություններով երկկողմ կապերի ակտիվացմանը: Ֆահդ Ալ-Ռաշիդի խոսքով` երկու երկրների քաղաքական դիրքորոշումները համընկնում են. երկու երկրներն էլ ձգտում են խաղաղության ու կայունության հաստատման ու ամրապնդման: Քուվեյթի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ իր երկիրը շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնել առեւտրատնտեսական ու գիտամշակութային կապերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: