Տպել
31.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանի ելույթը ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

«Հարգարժան պարոն նախագահ,

Հարգելի արտաքին գործերի նախարար,

Հարգելի գործընկերներ,

Տիկնայք եւ պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երեւանում: Հուսով եմ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի անցկացումը մեր մայրաքաղաքում՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում իր ուրույն էջը կբացի Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի պատմության մեջ:

Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղվածությունը եւ եվրաինտեգրման գործընթացները գիտակցված ընտրության արդյունք է, որը խարսխված է մեր ընդհանուր արժեհամակարգի, հարուստ մշակութային եւ քրիստոնեական ժառանգության վրա եւ բխում է մեր ներքին օրակարգից: Այո, Հայաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է կազմում ինչպես իր անցյալով, այնպես էլ իր ներկայով՝ ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության ապահովման, հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ստանձնած իր հանձնառությամբ: Հենց այս մղումով եւ գիտակցությամբ էր, որ տասներկու տարի առաջ՝ 2001 թվականին Հայաստանը միացավ Եվրոպայի խորհրդին՝ վերահաստատելով իր պատմական ու մշակութային պատկանելությունը համաեվրոպական արժեհամակարգին:

Այսօր, կազմակերպությանն անդամակցությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Արտաքին գործերի նախարարության, առաջին անգամ ստանձնեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: Սա նշանակալից իրադարձություն է եւ միեւնույն ժամանակ մեծ պատասխանատվություն մեզ համար:

Իր նախագահությունը Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հավակնոտ օրակարգով, որի առանցքում են Եվրոպայի խորհրդի առջեւ ծառացած այնպիսի մարտահրավերների դիմագրավումը, ինչպիսիք են անհանդուրժողականությունը, այլատյացությունը եւ ռասիզմի դրսեւորումները: Մեր նախագահության օրոք մենք գործադրելու ենք հնարավոր միջոցները՝ այդ թվում նաեւ միջմշակութային երկխոսությունը, որպես այդ մարտահրավերները հաղթահարելու արդյունավետ միջոց:

Ժողովրդավարության ամրապնդման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների հետեւողական պաշտպանության հանձնառությունը խարսխված է Հայաստանի իշխանությունների խորը գիտակցված համոզմունքի վրա: Այդ նույն հանձնառությամբ է պայմանավորված նաեւ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը աջակցելու Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի նախաձեռնած բարեփոխումների հավակնոտ ծրագրի իրականացմանը, որի նպատակն է Եվրոպայի խորհրդի դերակատարության եւ արդյունավետության բարձրացումը:

Հարգելի ներկաներ,

Դարեր շարունակ մարդկությունը պայքարել է անհանդուրժողականության, ռասիզմի եւ այլատյացության դեմ, սակայն 21-րդ դարում, ինչպես տեսնում ենք, այս խնդիրները դեռեւս օրակարգային են: Գլոբալիզացիայի այս դարաշրջանում, մարդկանց լայնածավալ, երբեմն նաեւ անկառավարելի տեղաշարժի պայմաններում, մշակութային միջավայրը դառնում է ավելի բազմազան, ինչն առաջ է բերում սոցիալական եւ քաղաքական նոր մարտահրավերներ: Այս առումով, այսօր Եվրոպայի համար լրջագույն մարտահրավեր է անհանդուրժողականությունը: Տեղին է հիշել Մահաթմա Գանդիի հայտնի խոսքերը. «Անհանդուրժողականությունը ինքնին բռնության մի ձեւ է եւ խոչընդոտում է ժողովրդավարության իրական ոգուն»: Անհանդուրժողականությունն է ծնունդ տալիս ռասիզմին, այլատյացությանը, խտրականությանը, բռնությանը, որոնք, ի վերջո, վեր են ածվում հակամարտությունների: Այս համատեքստում, Եվրոպայի խորհրդի դերակատարությունը պետք է լինի առավել գործուն եւ նպատակային՝ գործադրելով իր իսկ տրամադրության տակ եղած հարուստ իրավական գործիքակազմի ողջ զինանոցը:

Կցանկանայի առանձնակի ընդգծել ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից միջմշակութային երկխոսությունը որպես առաջնահերթություն հռչակելու կարեւորությունը: Պատմականորեն լինելով տարբեր մշակույթների ու քաղաքակրթությունների խաչմերուկում եւ ունենալով հարուստ մշակութային ժառանգություն՝ Հայաստանը հարյուրամյակներ շարունակ եղել է մշակութային փոխազդեցությունների կենտրոնում: Նման ազդեցության ներքո են եղել նաեւ Եվրոպայի բոլոր երկրները: Դա մշակույթների փոխհարստացման, միմյանց ավանդույթների հարգման, ուստի նաեւ խաղաղ գոյակցման բացառիկ հնարավորություն է ընձեռել: Քանզի հանդուրժողականության հիմքն է հանդիսանում մշակույթների, կրոնների եւ ավանդույթների նկատմամբ հարգանքը: Մեր առաջնահերթ եւ ընդհանուր նպատակն է տարբեր ժողովուրդների միասնության ամրապնդումը, նրանց հոգեւոր արժեքների ըմբռնումը:

Հարգելի գործընկերներ,

Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է եվրոպական կառույցներին ինտեգրվելու իր քաղաքականությանը: Մենք ունենք բարեփոխումների գործընթացը առաջ տանելու, արժանապատիվ, անվտանգ եւ ժողովրդավարական պետություն կառուցելու բավարար քաղաքական կամք: Սա մեր ժողովրդի, մեր քաղաքացիների ընտրությունն է: Այդ նպատակին հասնելու համար մենք վերահաստատում ենք եվրոպական կառույցների հետ ակտիվ եւ արդյունավետ համագործակցելու մեր պատրաստակամությունը:

Կրկին ողջունում եմ ձեզ Երեւանում եւ մաղթում արդյունավետ աշխատանք»:







31.05.2013
ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 22-րդ նիստը
Մայիսի 28-ից 30-ը Ռուսաստանի Դաշնությունում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի Պրոխորովկա քաղաքավանի պատմամշակութային կենտրոնում մայիսի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության ...

31.05.2013
ԱԺ փոխնախագահը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Մայիսի 31-ին Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Յաննիս Դրաղասակիսի եւ Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու երկրների փոխհարաբերությունների եւ միջխորհրդարանական կա...

31.05.2013
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվեցին «ՀՀ 2012 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ» հաշվետվության քննարկումները
Մայիսի 31-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին 2012 թվականին ՀՀ իշխանության պետական եւ դատական մարմիններին հատկացված եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ ներկայացված հաշվետվությունները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղ...

31.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ փոխնախագահ Ռընե Ռուքեին
Մայիսի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեին: Զրուցակիցները բարձ գնահատեցին բոլոր ուղղություններով կայուն զարգացող հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները:...

31.05.2013
Երեւանում տեղի ունեցավ ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը
Մայիսի 31-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում իր աշխատանքը սկսեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր 85 պատվիրակ 35 երկրներից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Անդորայից, Հունաստանից: ԵԽԽՎ նիստում ողջույն...

31.05.2013
Աշխատանքային խորհրդակցություն հանձնաժողովում
Մայիսի 31-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն «2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավուն...