Տպել
31.05.2013
ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 22-րդ նիստը
1 / 3

Մայիսի 28-ից 30-ը Ռուսաստանի Դաշնությունում էր գտնվում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի Պրոխորովկա քաղաքավանի պատմամշակութային կենտրոնում մայիսի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական 22-րդ նիստը, որին մասնակցում էին պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ Վարդան Այվազյանը, Տաճատ Վարդապետյանը, Հովհաննես Մարգարյանը, Վոլոդյա Բադալյանը, Մարտին Սարգսյանը, Ռուզաննա Մուրադյանը, Հայկ Բաբուխանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Կարեն Բոթոյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը:

Պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի տեղեկացմամբ` նիստի օրակարգում, որը սահմանվել էր դեռեւս նախորդ նիստի ընթացքում, Եվրասիական ինտեգրացիայի գործընթացներում Հայաստանի մասնակցության հեռանկարներին առնչվող հարց էր, որի վերաբերյալ հիմնական զեկուցումներով հանդես եկան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Թավադյանը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրեն Վ. Սպասկին: Տիկին Նաղդալյանի գնահատմամբ` ելույթները հատկապես աչքի ընկան իրենց դինամիկայով եւ բարձրացված հարցերի արդիականությամբ` մասնավորապես ներկայացնելով այն իրավիճակն ու վեր հանելով այն խնդիրները, որոնք առկա են այսօր Եվրասիական միության մեջ:

«Մեր վերլուծություններում մենք մատնանշեցինք այն հնարավոր համագործակցության մեխանիզմները, ձեւերը, ոլորտները, որոնք թույլ կտան որոշակի իրավիճակում համագործակցել Եվրասիական միության հետ? չունենալով ընդհանուր ցամաքային սահման, ունենալով փոքր-ինչ տարբերվող օրենսդրություն` կապված այն կազմակերպությունների հետ, որոնց հետ մենք ներկայումս համագործակցում ենք. նկատի ունեմ, որ Հայաստանը շատ վաղուց է անդամակցում Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը բոլորովին վերջերս է միացել, եւ դրա ազդեցության ներքո արդեն գոյացել է կոնկրետ ուղղվածություն ունեցող օրենսդրություն»,- նշեց տիկին Նաղդալյանը` հավելելով, որ չնայած ընդհանուր սահմանի բացակայությունը էական խոչընդոտ է, բայց միեւնույն ժամանակ աշխարհում կան բազմաթիվ միություններ, որոնք համագործակցում են տարբեր պետությունների հետ` առանց այս հանգամանքի առկայության, եւ այս առումով Հայաստանը եւս պետք է կարողանա գտնել նման համագործակցության սխեմաներ, մեխանիզմներ, առավել եւս, որ օբյեկտիվորեն կան բավական լուրջ հիմքեր եւ հնարավորություններ տնտեսութան տարբեր ոլորտներում այդ համագործակցության կազմակերպման համար: Հերմինե Նաղդալյանի համոզմամբ՝ դա կարող է Եվրասիական միության եւ Հայաստանի միջեւ համագործակցության հիմք դառնալ:

Քննարկումների ընթացքում ներկայացվել են նաեւ ներդրումներին, առեւտրաշրջանառությանն առնչվող վիճակագրական ուսումնասիրություններ, ինչպես նաեւ բյուջետային, մակրոտնտեսական, տարիֆային քաղաքականությանը վերաբերող հարցեր, բազմաթիվ ուղղություններ, որոնք, ըստ տիկին Նաղդալյանի, կարեւոր են եւ նման համագործակցության զարգացման համար` խիստ արդիական:

«Հայաստանը, լինելով ինտեգրացիոն պրոցեսներում շահագրգիռ կողմ (այդ մասին եւ’ հանրապետության նախագահը, եւ? քաղաքական ղեկավարությունը բազմիցս արտահայտվել են), բնականաբար, նախանձախնդիր է սեփական աշխատուժի, ապրանքների, ծառայությունների դրսի շուկաներում շարժի համար ավելի շատ հնարավորություններ եւ լայն ինտեգրացիոն դաշտ ստեղծելու հարցում, որպեսզի ավելի հեշտ դուրս գան համաշխարհային շուկաներ եւ ավելի լայնորեն ներկայացված լինեն»,- ասաց Հերմինե Նաղդալյանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ` «ինտեգրացիոն այն հարթություններում, որտեղ Հայաստանը տեսնում է համագործակցության ավելի լայն ու ակտիվ հնարավորություն, միշտ առաջամարտիկ է հանդես գալիս` ունենալով մեկ սկզբունք` ինտեգրվել բոլոր այն գործընթացներին, որտեղ մեր ակտիվ մասնակցության համար չկան խանգարող հանգամանքներ, որոնք կխարխլեն այն փխրուն տնտեսական եւ քաղաքական կայունությունը, որն այսօր Հայաստանի Հանրապետությունը կարողացել է ստեղծել: Այդ իմաստով, որպես օրինակ, կարող եմ ներկայացնել հակաճգնաժամային կենտրոնի կամ ազատ առեւտրի պայմանագրի գործընթացը, որին մենք շատ ակտիվ մասնակցեցինք, կարելի է ասել, առաջիններից մեկը եղանք, եւ այդ համաձայնագրի շրջանակներում ունեցանք մինիմալ տարաձայնություններ»:

Նիստի օրակարգի 2-րդ հարցը առնչվում էր տնտեսական հարաբերությունների խորացմանը, մասնավորապես փոքր եվ միջին բիզնեսի ներկայացուցիչների միջեւ համագործակցությանը, ինչը կարեւորելով? հանձնաժողովը որոշում կայացրեց 2014-ի մայիսյան նիստի ժամանակ քննարկել այդ համագործակցության առկա վիճակը, պայմաններն ու խոչընդոտող հարցերը: Այս նպատակով հայկական կողմից ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Մարտին Սարգսյանը, Վարդան Այվազյանը: Խմբի աշխատանքներին մասնակցում են ՀՀ Առեւտրի արդյունաբերական պալատը, Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը , ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Նիստի ավարտին, համաձայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի, Միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերած՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախկին եւ ներկա չորս ներկայացուցիչներին? Վ. Կուլակովին, Ս. Կոլեսնիկովին, Ի. Չերնիշենկոյին եւ Ն. Տոնկովին, հանձնվեցին Մխիթար Գոշի մեդալներ: Նիստի արդյունքների հիման վրա Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը ստորագրեցին 22-րդ նիստի արձանագրությունը:

Որոշվեց Միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ? 23-րդ նիստի օրակարգը, որը նվիրված կլինի Հայաստանի եւ Ռուսաստանի տրանսպորտային խնդիրների լուծմանը:

Ի թիվս ձեռք բերված պայմանավորվածությունների, հայկական պատվիրակությունը այցի ընթացքում համագործակցության շոշափելի եզրեր գտավ նաեւ կրթության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում: Պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հավաստմամբ, այցի ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց ռուսական կողմի հետ, որպեսզի իրականացվեն համատեղ կրթական, սպորտային ու մշակութային նախագծեր, որոնք ուղղված կլինեն երկու երկրների զարգացմանը: Այդ շրջանակներում համագործակցության հիմք դրվեց նշանավոր գեղասահորդուհի Իրինա Ռոդնինայի հետ` համատեղ ծրագիր իրականացնելու ուղղությամբ:

Մայիսի 29-ին ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լ.Սլուցկու եւ կոմիտեի այլ անդամների հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող քաղաքական եւ տնտեսական հարցեր, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանը եւ հետագա զարգացմանը նվիրված խնդիրներ:

Մայիսի 30-ին պատվիրակությանը ընդունեց ՌԴ Պետական դումայի նախագահի առաջին տեղակալ Ի.Մելնիկովը: Զրույցի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը դրականորեն գնահատեց ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 22-րդ նիստի արդյունքները եւ հույս հայտնեց, որ դաշնակից երկրների միջեւ ծագող եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական խնդիրները միշտ կարող են ստանալ ճիշտ լուծումներ:

Ի.Մելնիկովը բարձր գնահատեց Միջխորհրդարանական հանձնաժողովի 22-րդ նիստի աշխատանքները, ինչպես նաեւ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ներկա մակարդակը:




11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...