Տպել
03.07.2013
Պատվիրատուների փողերը «լափողներին»

Որոշ լրատվամիջոցների մոտ հատկապես վերջին օրերին զգալիորեն մեծացել է ապատեղեկատվական ակտիվությունը եւ իրենց պատվիրատուների փողերը «լափելու» անհագ ցանկությունը: Սա նշանակում է, որ նույնիսկ ամռան շոգին նրանց պատվիրատուները չեն հանգստանում եւ պահանջում են շարունակել հասարակությանն ապակողմնորոշելուն ուղղված տեղեկատվական արշավը: Այս ճակատում առաջամարտիկի դերը ոչ մի կերպ չի ուզում զիջել «Ժամանակ» թերթն իր էլեկտրոնային 1in.am կայքով հանդերձ: Դրա վկայությունը հերթական պատվիրված հրապարակումն է Ազգային ժողովի վերաբերյալ, որտեղ հերթական անգամ թացն ու չորը խառնված են իրար:

Երեկ մեր կողմից տրված պարզաբանման մեջ մանրամասնտեղեկատվություն էինք ներկայացրել խորհրդարանի աշխատակազմի կողմից գնումների միջոցով իրականացված այն հյուրանոցային ծառայության վերաբերյալ, որոնց անդրադարձել էր «անաչառ» լրատվամիջոցը: Սակայն վերջինս նպատակահարմար էր համարել շարունակել սեփակա՛ն ծառայությունների մատուցումն իր պատվիրատուներին եւ նրանց կողմից կատարված վճարումներն արդարացնելու համար վերստին սկսել փորփրել Ազգային ժողովի կատարած գնումների պայմանագրերը: Դրանք, ի դեպ, ոչ միայն գաղտնի չեն, այլեւ որեւէ գաղտնիք ու անօրինական տարր չեն պարունակում եւ հեշտությամբ հասանելի են համապատասխան էլեկտրոնային կայքէջում:

Այդուհանդերձ, ընթերցողներին «Ժամանակ»-ի մատուցած հերթական թյուրիմացությունից զերծ պահելու համար տեղեկացնենք, որ Ազգային ժողովի աշխատակազմն իրեն անհրաժեշտ ապրանքների կամ ծառայությունների գնումներն իրականացնելիս մշտապես առաջնորդվել է օրենքի տառին համապատասխան՝ երբեք դուրս չգալով համապատասխան իրավական դաշտի շրջանակներից: Հիշյալ հրապարակման մեջ նշված ներկայացուցչական ծախսերի համար վճարումները մաս-մաս են կատարվել ոչ թե մրցույթից խուսափելու նպատակով, այլ օբյեկտիվ պատճառներով պայմանավորված: Նշված ժամանակահատվածում Հայաստանում հյուրընկալվել են տարբեր պատվիրակությունների ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ, որոնց մի մասի հյուրընկալության ծախսերը հոգացել է Ազգային ժողովը: Քանի որ կազմակերպվել են տարբե՛ր միջոցառումներ եւ տարբե՛ր մարդկանց՝ պատվիրակների ու հյուրերի համար՝ սակայն մեկ կազմակերպության միջոցով, բնականաբար, վճարումները կատարվել են տարբե՛ր տեղերում եւ տարբե՛ր մասնաբաժիններով, այդ պատճառով էլ դրանց չափերը չեն գերազանցել օրենքով նախատեսված 1 մլն դամի սահմանագիծը: Հակառակ դրան, հերթական անգամ «Ժամանակ» օրաթերթն ու 1in.am կայքը անցել են ճշմարիտ տեղեկատվության ու լրագրողի ազնվության սահմանագիծը, իսկ այդպես շարունակելու դեպքում մի օր կարող են հայտնվել ե՛ւ բարոյականության, ե՛ւ լրատվության անդունդում: