Տպել
12.07.2013
Պարզաբանում

«Անաչառ» «Իրատես de facto» թերթի ու նրա «անաչառ» թղթակից Կարմեն Դավթյանի՝ «իրատեսությունն» ու «անաչառությունը» շտկելու, ինչպես նաեւ թերթի հրապարակած տեղեկատվությունն իսկապես ճշմարիտ դարձնելու համար թերթի այսօրվա համարում տպագրված «Գլուխ չեն հանում» վերնագրով հրապարակման վերաբերյալ հարկ ենք համարում նախ հուշել, որ եթե թերթի թղթակիցը լիներ իսկապես իրատես եւ չաղավաղեր փաստերը, հատկապես չիմացած փաստերը, գուցեեւ կարողանար գլուխ հանել իր իսկ ստեղծած խառնաշփոթից:

Օգնության կարգով տեղեկացնենք, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Ուկրաինա հետաձգվել է հենց Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, որովհետեւ այդ օրերին Ազգային ժողովում պետք է անցկացվեր` «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» խորագրով համաեվրոպական խորհրդաժողովը:

Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի՝ Բելառուս այցին, բնականաբար, ԱԺ որեւէ պատվիրակություն եւ նրա անդամները չեն կարող որեւէ երկիր մեկնել առանց խորհրդարանի ղեկավարի թույլտվության: Այդպես է եղել նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակության՝ Բելառուս այցի դեպքում: