Տպել
30.07.2013
«Տերյանական պոեզիայի օրերը» Գանձայում

Հուլիսի 28-ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում մեկնարկեց «Տերյանական պոեզիայի օրեր» միջոցառումը, որն անցկացվում է բանաստեղծի ծննդավայրում 46 տարի շարունակ:

Գանձայի Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ եւ հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Վահան Տերյանի:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի մշակույթի նախարար Մանանա Բերիկաշվիլին, Հայաստան- Վրաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներ,ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը,հայ եւ վրացի մտավորականներ,տերյանական պոեզիայի երկրպագուներ:

Միջոցառումը վարում էր Վրաստանի հայ գրողների միության նախագահ Ժորա Սնխչյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունեց եւ շնորհավորեց ներկաներին՝ արժեւորելով Վահան Տերյանի պոեզիայի բացառիկ դերը հայ գրականության մեջ: Նա կարեւորեց «Տերյանական պոեզիայի օրերի» անցկացումը Գանձայում,որտեղ եւս մեկ անգամ հնարավորություն է տրվում՝ անդրադառնալու հայ մեծանուն քնարերգուի ստեղծագործությանը, վայելելու տերյանական պոեզիան, երիտասարդությանը վարակելու տերյանական շնչով:

Տիկին Նաղդալյանը կարեւորեց Վրաստանի խորհրդարանի եւ հայ-վրացական բազմամյա բարեկամության դերը ջավախահայության ՝ հայկական մշակույթին, ազգային արմատներին հարազատ մնալու գործում: