Տպել
30.09.2013
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպեց գենդերային հավասարության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի հետ
1 / 2

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ  փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց գենդերային հավասարության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Ջուն Զեյթլինի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանում գենդերային հավասարության խնդիրներին, օրենսդրությանը:

Տիկին Զեյթլինը նշեց, որ այս այցելության ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել  պետական գործիչների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հերմինե Նաղդալյանը նշեց, որ  ՀՀ-ում գենդերային հավասարության ուղղությամբ կատարվել են դրական փոփոխություններ: Նրա խոսքով`  այժմ աճում է կանանց թիվը պետական կառույցներում, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմիններում: Այսօր  ԱԺ-ում կին պատգամավորները 14-ն են՝ պատգամավորների 10 տոկոսից ավելին: Նրանցից 9-ը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամներ են, որոնցից 2-ը ընտրվել է  մեծամասնական ընտրակարգով: Կառավարության կազմում 2 կին նախարար կա: Նաեւ մոտ  24-25 գյուղական համայնքներ ղեկավարում են կանայք: Ընդ որում, դրանք հիմնականում սահմանամերձ եւ փախստականներով բնակեցված համայնքներ են՝ սոցիալական եւ կենցաղային խնդիրներ ունեցող:

 Տիկին Նաղդալյանը նշեց, որ պետությունը ստանձնել է պարտավորություն՝ մինչեւ 2020 թվականը ավելացնել կանանց ներգրավվածությունը տեղական ինքնակառավարման մարմիններում, հատկապես ավագանիում: Այս գործընթացը շարունակվելու է նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմիններում: Տիկին Նաղդալյանն ավելացրեց, որ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին»  օրենքի շուրջ կազմակերպվել են բազմակողմանի  քննարկումներ մարզերում եւ լսումներ խորհրդարանում: Փոխնախագահի կարծիքով՝ պիտի ստեղծել ազգային մեխանիզմ, բարձրացնել կրթական մակարդակը, եւ այդ դեպքում  օրենքը կդառնա լիարժեք գործող:  Կողմերը քննարկեցին նաեւ գենդերային հավասարության ռազմավարական փաստաթղթերը: Տիկին Նաղդալյանը նշեց, որ ՀՀ ընդունել է «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, կանանց դիրքերի բարելավման ազգային ծրագիր եւ հայեցակարգ: