Տպել
04.10.2013
Երիտասարդական խորհրդարանի նիստում
1 / 7

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովին կից գործող Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը: Նիստը վարողը տեղեկացրեց, որ խորհրդարանի կազմը համալրվել է 30 նոր անդամներով: Օրակարգում ընդգրկված երեք օրենսդրական նախաձեռնությունները դրվեցին քվեարկության: «ՀՀ Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ստացավ 79 կողմ, 6 դեմ, 11 ձեռնպահ ձայներ: «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունն ընդունվեց 83 կողմ, 15 ձեռնպահ ձայներով: «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունն ընդունվեց 72 կողմ, 1 դեմ, 18 ձեռնպահ ձայներով: «ՀՀ օրհներգին վերաբերող օրենքի հավելվածում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության հեղինակը՝ Տաթեւիկ Խանաղյանը, առաջարկեց հարցը հանել քննարկումից:

«ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը Երիտասարդական խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն չէր ստացել: Օրենսդրական նախաձեռնության հեղինակը՝ Ավետիք Հարությունյանը, հանգամանորեն ներկայացրեց օրենսդրական նախաձեռնությունը եւ ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը: Օրինագծի հեղինակն առաջարկում էր ՀՀ Դատական օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի «օրենքի գերակայություն» բառերը փոխարինել «իրավունքի գերակայություն» բառերով: Իսկ Երիտասարդական խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Խաչիկյանը հիմնավորեց օրենսդրական նախաձեռնության դրական եզրակացություն չստանալը: Օրինագծի հեղինակի առաջարկով այն քվեարկության չդրվեց:

Երիտասարդական խորհրդարանն ավարտեց աշխատանքը: