Տպել
07.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Միջխորհրդարանական միության վեհաժողովին
1 / 3

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցեց Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովի աշխատանքներին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը, Մարտին Սարգսյանը:

Միջխորհրդարանական միության ղեկավար խորհրդի նիստում քննարկվեցին կառույցի անդամակցությանը վերաբերող հարցեր, կազմակերպության նախագահի եւ գլխավոր քարտուղարի հաշվետվությունները, ֆինանսական հարցեր, ներկայացվեց Միջխորհրդարանական միության 2014 թ. ծրագիրը եւ բյուջեի նախագիծը: Ղեկավար խորհրդի նիստից հետո աշխատանքները սկսեց Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովը, որին մասնակցում էին 125 երկրների շուրջ 1200 պատվիրակներ, 45 երկրների խորհրդարանների նախագահներ: Բացման խոսքով հանդես եկավ Միջխորհրդարանական միության նախագահ Աբդելվահադ Ռադին: Առաջին օրը վեհաժողովը քննարկեց «Դեպի միջուկային զենքից զերծ աշխարհ. խորհրդարանների դերակատարությունը» հարցը: ՄՄ հանձնաժողովներում քննարկվեցին «Խորհրդարանների դերակատարությունը երեխաների, մասնավորապես առանց չափահասների ուղեկցության միգրանտ երեխաների իրավունքները պաշտպանելու եւ պատերազմական իրավիճակներում ու հակամարտությունների ժամանակ նրանց շահագործումը կանխարգելելու գործում» եւ «Զենքի վաճառքի մասին» պայմանագրի հետեւանքներն ու դրա մասով գործողությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1540՝ «Զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման մասին» բանաձեւի իրականացումը հարցերը:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը, Լիբանանի հետ ունենալով բազմաթիվ ընդհանրություններ ու ժողովուրդների միջեւ բարեկամության պատմական ավանդույթներ, կարեւորում է համագործակցության խորացումը թե երկկողմ հարաբերություններում եւ թե միջազգային կառույցներում: Նրա խոսքով` հայ ժողովրդի կապը Լիբանանի հետ գալիս է դարերի խորքից եւ Լիբանանի ժողովրդի եղբայրական վերաբերմունքի շնորհիվ հայերը կարողացել են պահպանել ազգային ինքնությունը ու մշակույթը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւորեց երկու երկրների եւ խորհրդարանների միջեւ համագործակցության խորացումը, երկկողմ շփումները, տնտեսական համագործակցության ակտիվացումը:

Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց հայ-լիբանանյան հարաբերությունները եւ կարեւորեց միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը եւ ամրապնդումը: Նաբիհ Բըրրին Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրեց Լիբանան:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնահարցին, Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին: Խոսելով հարավկովկասյան եւ մերձավորարեւելյան տարածաշրջանային հարցերի շուրջ` զրուցակիցները փաստեցին բոլոր խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


07.10.2013
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ԵՄ- Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵՄ- Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ, ովքեր հոկտեմբերի 3-6-ը Ստեփանակերտում մասնակցել են Արցախի ազատագրական պայքարի 25-րդ տարեդարձին նվիրված՝ «Արցախի ազատագրական պայքար՝ Գյուլիստանից մինչեւ այսօր» խորագրով միջազգային համաժողովին: ...