Տպել
18.10.2013
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
1 / 5

Հոկտեմբերի 18-ին նիստեր գումարեցին ԱԺ մշտական հանձնաժողովները:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանի, Լեւոն Զուրաբյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի, Գագիկ Ջհանգիրյանի հեղինակած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են ուժը կորցրած ճանաչել օրենքի մի շարք դրույթներ, ինչպես նաեւ փոփոխության ենթարկել, իրենց մեկնաբանությամբ, ՀՀ Սահմանադրությանը հակասող որոշ հոդվածներ, որոնք վերաբերում են արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով զինված ուժերի օգտագործման եւ արտակարգ դրության ժամանակ ստեղծվող պարետատան հարցերին: Առաջարկվում է վերանայել նաեւ պարետային ժամի կանոնները խախտած անձանց ձերբակալելու վերաբերյալ դրույթը. հեղինակներն առաջարկում են սահմանել, որ պարետային ժամը խախտած անձինք ենթակա են բերման ենթարկվելու, այլ ոչ՝ ձերբակալման:

ՀՀ կառավարության բացասական կարծիքը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար օրինագիծը չստացավ դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների համար սահմանված պատիժները:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած՝ «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կատարվող փոփոխությունը պայմանավորված է օրենքի 21-րդ հոդվածը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008 թ. վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Ներկայացված նախագծով օրենքի դրույթները կհամապատասխանեցվեն կոնվենցիայի պահանջներին եւ կապահովվի իրավակարգավորման առավել հստակ սահմանումը:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն առաջարկեց նոյեմբերի 1-ին Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացվելիք «Պատմական հուշարձանների պահպանության ու ժառանգության ապահովման միջոցառումները եւ հիմնախնդիրները» թեմայով արտագնա խորհրդարանական լսումների օրակարգ ընդգրկել նաեւ քննարկվող օրինագիծը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագիծը: Հանձնաժողովի նիստին մասնակցում էին նաեւ փորձագետներ, ՀԿ-ների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնության ներկայացուցիչներ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիմնական զեկույցում նշեց, որ օրինագծի ընդունումը նպատակ ունի կանանց եւ տղամարդկանց վերաբերյալ օրենքով ամրագրված ձեւակերպումները զերծ պահելու հասարակական տարաբնույթ մեկնաբանություններից եւ տարընթերցումներից: Նախարարն ասաց, որ չնայած այն հանգամանքին, որը գործող օրենքը, ընդունվել է 2013 թ. մայիսի 20-ին եւ սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքները եւ կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները, վերջին շրջանում մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից օրենքում օգտագործվող «գենդեր, գենդերային», «գենդերային հարաբերություններ» հասկացությունների տարաբնույթ ընկալումն ու դրանց վերաբերյալ տրված մեկնաբանությունները հասարակության կողմից օրենքի քննադատության պատճառ են դարձել: Հարկ է նշել, որ միջազգային հիմնական փաստաթուղթը` «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան (ընդունվել է 1993թ.), ըստ որի պետությունը ստանձնել է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ պարտավորություններ, կոչ է անում մասնակից պետություններին դատապարտել կանանց նկատմամբ խտրականությունը բոլոր ձեւերով եւ համապատասխան բոլոր միջոցներով` ներառյալ օրենսդրական միջոցները, վարել կանանց նկատմամբ խտրականության վերացման քաղաքականություն: Վերոհիշյալ փաստաթղթում «գենդեր, գենդերային», «գենդերային հարաբերություններ» եզրույթները գործածված չեն:

Նախագծով առաջարկվում է գործող օրենքի 3-րդ՝ հասկացություններին վերաբերող հոդվածի 1-ին մասի՝ «գենդեր» եզրույթի սահմանմանը վերաբերող 1-ին, 11-րդ եւ 12-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել, 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «գենդերային հարաբերություններ» բառերը փոխարինել «կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքները եւ հավասար հնարավորությունները» բառերով:

Քննարկումների ընթացքում ԱԺ պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները եւ ոլորտի պատասխանատուները անդրադարձան օրինագծի վիճահարույց կետերին, ներկայացրին առաջարկներ եւ դիտողություններ: Որոշվեց հարցի քննարկումը հետաձգել մինչեւ մեկ տարի՝ խնդիրը համակողմանի ուսումնասիրելու եւ քննարկումների արդյունքում խնդրահարույց դրույթները շտկելու նպատակով:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ քննարկեց ՀՀ կառավարության հեղինակած՝ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը նշեց,որ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է մայր օրենքում վերանայել «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման համար բնօգտագործման վճարի հաշվարկման գործող կարգը: Այսինքն՝ ջրօգտագործման ամբողջ ծավալի փոխարեն բնօգտագործման վճարի հաշվարկման հիմքում դրված օգտագործված ջրի ծավալի 5 տոկոսի փոխարեն հաշվարկել 50 տոկոսի չափով: Ըստ փոխնախարարի՝ այս նախագծի ընդունման դեպքում ապօրինի ջրօգտագործման ծավալները զգալի չափով կնվազեն, քանի որ բնօգտագործման սահմանված վճարի գործող դրույքաչափերը եռապատիկից կբարձրացվեն տասնապատիկի՝ ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերի եւ հնգապատիկի՝ ՀՀ մյուս տարածքների համար: Զեկուցողների կարծիքով՝ նախագծի ընդունման շնորհիվ բնապահպանական բարդ իրավիճակը Արարատյան ջրավազանում ջրօգտագործման ծավալների նվազեցման կամ աճի դադարեցման հետեւանքով կբարելավվի, որով կապահովվի ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը: Քվեարկության արդյունքում օրենսդրական նախաձեռնությունը ստացավ դրական եզրակացություն, եւ այն կընդգրկվի նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ:

Նույն օրը Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյան պատգամավորների քնարկմանը ներկայացրեց 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը, որի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին՝ 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով ԵՄ տարածքում գտնվելու համար:

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց նաեւ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրված «Եվրոպական համայնքների եւ դրանց անդամ պետությունների` մի կողմից, եւ Հայաստանի Հանրապետության` մյուս կողմից, միջեւ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի` Եվրոպական միության ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ շրջանակային համաձայնագրի մասին» արձանագրությունը, որ ՀՀ-ին հնարավորություն է ընձեռում մասնակցություն ունենալ Եվրոպական միության այն բոլոր ընթացիկ եւ հետագա ծրագրերին, որոնք բաց են Հայաստանի մասնակցության համար՝ համաձայն այդ ծրագրերի հաստատման վերաբերյալ համապատասխան դրույթների:

2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ տարածքային նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Նա նշեց, որ մինչ այսօր ՀՀ-ը ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ: Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ սահմանել եւ իրականացնել միասնական ընթացակարգեր՝ կողմերի տարածքներում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում:

2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբադում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը (կից վերապահումով) ներկայացրեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Նա նշեց, որ համաձայնագիրը միտված է ԱՊՀ անդամ-պետությունների ինտեգրված արժութային շուկայի ստեղծմանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ ՀՀ կողմից համաձայնագիրը ստորագրվել է 2-րդ հոդվածի վերապահմամբ՝ համաձայն որի՝ միջբանկային փոխարկման գործարքների իրականացման գործունեության լիցենզավորման, կարգավորման, հսկողության եւ վերահսկողության բնագավառում պարտավորությունները ՀՀ-ի կողմից կկատարվեն ազգային օրենսդրության համաձայն:

Ներսես Երիցյանը ներկայացրեց նաեւ 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբադում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին» համաձայնգիրը, որով կողմերը հիմնում են ԱՊՀ մասնակից պետությունների՝ ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհուրդ:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը ներկայացրեց 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբադում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջգրադարանային բաժանորդագրության համակարգի ստեղծման մասին» 1999 թվականի հունվարի 13-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (կից հայտարարությամբ): Ըստ կառավարության ներկայացուցչի՝ արձանագրության վավերացմամբ՝ համաձայնագրի 4-րդ եւ 9-րդ հոդվածներում կկատարվեն փոփոխություններ:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:

Նիստում պատգամավորները քննարկեցին նաեւ Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը նշեց, որ օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով նրանից, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմանները:

Հարակից զեկուցմամբ հանդես եկան ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ նշելով, որ ներկա փուլում աննպատակահարմար են համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Օրինագծի քվեարկության արդյունքում հանձնաժողովը որոշում չկայացրեց:


12.09.2024
Այն փաստը, որ 10-րդ գլոբալ համաժողովն անցկացվում է Հայաստանում, արդեն մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի համար` որպես հաջողակ ժողովրդավար երկիր. Մարտին Չունգոնգ
Երեւանում ընթացող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ճեպազրույցը ԶԼՄ ներկայացուցիչների համար: Մարտին Չունգոնգը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ...

12.09.2024
Հասմիկ Հակոբյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում խոսել է համաժողովի նպատակի եւ կարեւորության մասին
Երեւանում ընթանում է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Միջոցառման շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչների համար ճեպազրույցով հանդես է եկել կառույցում մեր երկրի պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի անդամ ...

12.09.2024
Երեւանում մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
Սեպտեմբերի 12-ին Երեւանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը մինչեւ 45 տարեկան երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ հաղորդակցվելու, փորձի փոխանակման եւ միմյանց աջա...

12.09.2024
Հակոբ Արշակյանը հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակության հետ
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:   Հանդիպմ...

12.09.2024
Քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարեւոր է. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը ելույթ  է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնավորապես նշելով. «Ողջունում եմ համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում եւ մաղթում բարեհաջող աշխատանք: Կա մի հայեցակարգային հարց, որով ուզում եմ կ...

12.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացման արարողությանը
Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն նախագահ, Միջխորհրդարանական միության հարգարժա՛ն գլխավոր քարտուղար, Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատմության հիշարժան օրերից մեկն է՝...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը
Երեւանում սեպտեմբերի 12-ին մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Համաժողովի մասնակիցներին ողջունել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը: «Առաջին անգամ՝ որպես Միջխորհրդարանական միության նախագահ, մեծ պատիվ է դիմել այսօր ձեզ գլոբալ հա...

12.09.2024
Այստեղ ենք մեր երազանքի իրականացումը տեսնելու մի երկրում, որն առանձնանում է երիտասարդների զորացմամբ. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ընթացքում Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, բացման խոսքում ողջունելով ներկաներին, նշել է, որ իրականություն է դարձել իրենց 3 տարվա երազանքը: «Այսօրվա դրությամբ Հայաստանն ամենաերիտասարդ խորհրդա...

12.09.2024
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ:     ...