Տպել
23.10.2013
Բաց դաս Ազգային ժողովում
1 / 5

Հոկտեմբերի 23-ին ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Գրիգոր Զոհրապի անվան համար 43 ավագ դպրոցի աշակերտները: Նրանք նախ ներկա գտնվեցին ԱԺ նիստին, ապա նրանց ընդունեց  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը:

Ջերմորեն ողջունելով աշակերտների այցը երկրի օրենսդիր մարմին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  կարեւորեց նման հանդիպումներն ու դրանց   շարունակականությունը: Խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց դպրոցի եւ, մասնավորապես, ուսուցիչների ջանքերն ու առաքելությունը  սերունդների կրթության, հասարակության ու պետության համար արժանի քաղաքացիներ դաստիարակելու գործում: Նա աշակերտներին հորդորեց նպատակային  օգտագործել «ոսկե տարիները» եւ զինվել գիտելիքներով, լավ սովորել օտար լեզուներ,  քանի որ գիտելիքն այն ներուժն է, որի վրա հիմնվելով պետք է մեր երկիրը զարգանա:

Ծավալված ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում ԱԺ նախագահը պատասխանեց աշակերտների բազմաբնույթ հարցերին, ներկայացրեց մեր երկրի արտաքին քաղաքականության  ուղղությունները, անդրադարձավ  հայ-թուրքական արձանագրություններին եւ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը, բուհերում վարձավճարների բարձրացման եւ գործազրկության  հարցերին:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկայացրեց օրենսդիր մարմնի գործառույթները, մշտական հանձնաժողովների  գործառույթներն ու  ոլորտները, անդրադարձավ կրթության ոլորտի օրենսդրական փոփոխություններին:

Գրիգոր Զոհրապի անվան դպրոցի պատմության ուսուցչուհի Նարինե Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ուսանելի բաց դաս  անցկացնելու եւ ջերմ ընդունելության  համար: