Տպել
30.10.2013
ՀԱՊԿ ԽՎ-ի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստը ՀՀ Ազգային ժողովում
1 / 8

Հոկտեմբերի 30-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի դռնփակ նիստը:

Նիստի ավարտից հետո մամուլի ասուլիսով հանդես եկան հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին եւ ՀԱՊԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Անատոլի Վիբորնին ասաց, որ նիստում մոտ 10 հարց է քննարկվել, որոնք հիմնականում վերաբերում էին կովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակին եւ անդամ պետությունների օրենսդրությունների համապատասխանեցման խնդիրներին՝ տեղեկացնելով, որ ՀԱՊԿ ԽՎ-ը 144 իրավական ակտ է ընդունել, որոնցից 12-ը վերջին երկու տարիների ընթացքում:

Խոսրով Հարությունյանը նշեց, որ տարածաշրջանային անվտանգության համատեքստում հայ պատգամավորները բարձրաձայնել են Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքներին, մասնավորապես Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքին, ռազմատենչ հայտարարություններին, ողբերգական հետեւանքներով սահմանային միջադեպերին, Թուրքիայի կողմից մեր երկրի շրջափակմանն առնչվող բազմաթիվ հարցեր, եւ քննարկվել է ռազմական սպառնալիքների կանխմանն ուղղված միջոցառումների խնդիրը: Հանձնաժողովը պատրաստվում է այդ փաստերի վերաբերյալ տեղեկանք ներկայացնել ՀԱՊԿ ԽՎ-ի լիագումար նիստին եւ ՀԱՊԿ պարտավորությունների շրջանակում քննարկել դրանք:

Անատոլի Վիբորնին եւ Խոսրով Հարությունյանը պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի անվտանգության հարցում ՀԱՊԿ-ի երաշխիքներին եւ ՀԱՊԿ-ի անդամ Ռուսաստանի եւ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին, ինչը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը:

Անատոլի Վիբորնին նշեց, որ Ռուսաստանն այդ քայլը կատարել է միջազգային պայմանագրային դրույթներին համապատասխան. այն չի հակասում նաեւ ՀԱՊԿ կանոնադրությանը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ այդ հարցը քննարկվել է նիստում եւ որոշվել է գտնել այնպիսի իրավական լուծում, որ չհակասի ՀԱՊԿ անդամ երկրի շահերին: