Տպել
30.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխին
1 / 4

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն  ընդունեց Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորած պատվիրակությանը : Հանդիպմանը ներկա էր Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը :

Ողջունելով  հյուրերին` ԱԺ նախագահը կարեւորեց երկու  խորհրդարանների միջեւ համագործակցության հետագա զարգացումը եւ վստահեցրեց որ հայկական կողմը պատրաստ է խորացնել իր հարաբերությունները Եվրամիության հետ բոլոր ուղղություններով եւ հնարավոր ձեւաչափերով: Նրա խոսքով` Եվրոպական միությունը Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է եւ  Հայաստանը նպատակադրված է շարունակել համակողմանի փոխշահավետ գործակցությունը Եվրոպական միության հետ: «Մենք պատրաստակամ ենք մեր եվրոպացի գործընկերների հետ առաջ տանել մեր քաղաքական օրակարգը»,-ասաց ԱԺ նախագահը : Պարոն Աբրահամյանը  անդրադարձավ նաեւ Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշմանը: Անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի կողմից հոկտեմբերի 23-ին ընդունված «Եվրոպական հարեւանության քաղաքականություն. դեպի համագործակցության ամրապնդում» բանաձեւին` ԱԺ նախագահը ցավ հայտնեց, որ բանաձեւում տեղ են գտել միակողմանի եւ վտանգավոր դրույթներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Նրա համոզմամբ` դրանք ոչ միայն հակասում են հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանությանը, այլ հարցականի տակ են դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը: «Մեր բոլորի խնդիրն է նպաստել հասարակությունների միջեւ շփումների ակտիվացմանը, այլ ոչ թե ատելություն սերմանել հարեւան երկրների ժողովուրդների միջեւ»,-նշեց Հովիկ Աբրահամյանը:

 Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Միլան Ցաբրնոխը նշեց, որ իրենց այցի նպատակն է տեղում ծանոթանալ   Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը : Նա նույնպես կարեւորեց Հայաստան-Եվրամիություն փոխգործակցությունը` նշելով, որ Եվրամիությունը շահագրգիռ է  Հայաստանի հետ խորացնել  քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը: Նրա խոսքով` Հայաստանը Եվրոպայի կարեւորագույն գործընկերներց է եւ իրենք պատրաստակամ են  շարունակել զարգացնել  հարաբերությունները Եվրանեսթի շրջանակներում, ինչը Արեւելյան գործընկերության կարեւորագույն գործիքներից է:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ, անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս :