Տպել
06.11.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Զինվոր» համակարգող խորհրդի անդամներին
1 / 5

Նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  «Զինվոր» համակարգող խորհրդի հիմնադիր նախագահ Մարգարիտա Խաչատրյանին եւ խորհրդի անդամներին:

Ողջունելով հյուրերին ` ԱԺ նախագահը կարեւորեց  խորհրդարան-քաղաքացիական հասարակություն շարունակական համագործակցությունը,  նրանց ներգրավվածությունը  ԱԺ հանձնաժողովների աշխատանքներին եւ այս համատեքստում բարձր գնահատեց «Զինվոր» համակարգող խորհրդի եւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի արդյունավետ փոխգործակցությունը:  Հովիկ Աբրահամյանի խոսքով` Ազգային ժողովը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում ոլորտին վերաբերող խնդիրները եւ հանրությանը հուզող, հասարակական հնչեղություն ունեցող հարցերի շուրջ կազմակերպվում են հանդիպումներ, քննարկումներ, խորհրդարանական լսումներ, որոնք  մեծացնում են բանակ-հասարակություն կապը, նպաստում ոլորտում առկա խնդիրների հրապարակայնացմանն ու լուծմանը: Նա բարձր գնահատեց «Զինվոր» համակարգող խորհրդի գործուներությունը, որը նպաստում է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, բանակի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը, ոլորտում  առկա խնդիրների վերհանմանը:

Շնորհակալութուն հայտնելով ընդունելության համար` Մարգարիտա Խաչատրյանը նույնպես կարեւոր համարեց համագործակցությունը Ազգային Ժողովի եւ, մասնավորապես, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի հետ եւ նշեց, որ կազմակերպությունը պատրաստել է  ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, որը առաջիկայում կներկայացնի  հանձնաժողովին:  «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահը Հովիկ Աբրահամյանին ներկայացրեց կազմակերպության գործունեությունը, կատարած աշխատանքը եւ անելիքները` նշելով, որ խորհրդի կազմի մեջ են մտնում ՀՀ եւ ԼՂՀ 68 կազմակերպություններ: Խորհուրդը աշխատանքներ է իրականացանում մահացած եւ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ` աջակցելով  նրանց սոցիալական, առողջապահական եւ իրավական խնդիրների լուծմանը,   խորհրդի անդամները պարբերաբար այցելում են զորամասեր եւ հոսպիտալներ, զորամասերում կազմակերպվում են համերգային ծրագրեր եւ այլն:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը կարեւորեց  արդյունավետ համագործակցությունը կազմակերպության հետ   եւ հավաստիացրեց, որ հանձնաժողովը կքննարկի ներկայացված առաջարկները:

Հանդիպման վերջում «Զինվոր» համակարգող խորհրդի հիմնադիր նախագահ Մարգարիտա Խաչատրյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին պարգեւատրեց «Զինվոր հայրենյաց» մեդալով: