Տպել
21.11.2013
Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

Նոյեմբերի 21-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպեց ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի զեկուցող Մայլիս Ռեփսի հետ: Նա տարածաշրջան է այցելել փաստահավաք առաքելությամբ՝ «Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանների դերի եւ պաշտպանվածության ամրապնդումը» թեմայով զեկույց նախապատրաստելու նպատակով:

Էլինար Վարդանյանը հյուրին ներկայացրեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք խնդիրներ, ոլորտում կատարվող աշխատանքների ընթացքը: Նա նշեց, որ իր գլխավորած հանձնաժողովը պարբերաբար հանդիպում է հասարակական կազմակերպությունների հետ, քննարկում նրանց հուզող խնդիրները եւ անհրաժեշտության դեպքում առաջարկում օրենսդրական փոփոխություններ: Տիկին Վարդանյանն անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներում եւ ձերբակալված անձանց պահելու վայրերում մարդու իրավունքների վիճակին: Նա ընդգծեց, որ խնդիրներ կան հատկապես կալանավորման հետ կապված: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ հիմնական պատճառներից մեկն այն է, որ գրավի ինստիտուտը Հայաստանում կայացած չէ: Խոսելով զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներից՝ տիկին Վարդանյանը տեղեկացրեց, որ առաջիկայում այդ թեմայով ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպվելու են խորհրդարանական լսումներ: Տիկին Վարդանյանն անդրադարձավ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագծերին:

Կողմերը քննարկեցին նաեւ հասարակական եւ քաղաքական կյանքում կանանց դերի բարձրացմանը, կրոնական կազմակերպությունների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: