Տպել
26.11.2013
ԱԺ պատգամավորները հանդիպեցին Արգենտինայի Ազգային կոնգրեսի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ
1 / 3

Նոյեմբերի 26-ին Բուենես Այրեսում հայ խորհրդարանականները հանդիպեցին Արգենտինայի Ազգային կոնգրեսի Սենատի եւ Պատգամավորների պալատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում միջխորհրդարանական համագործակցության խորացմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

Կողմերը խոսեցին նաեւ հայ-արգենտինյան բարեկամության, Արգենտինայի հայկական համայնքի մասին, կարեւոր համարեցին մի շարք ոլորտներում համագործակցության զարգացումը, քանզի, ըստ խորհրդարանականների, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում համագործակցության մեծ հնարավորություններ կան երկու պետությունների համար:

Արգենտինացի խորհրդարանականները, ողջունելով հայ գործընկերներին, նշեցին, որ հայերը եւ արգենտինացիները միշտ ունեցել են ջերմ բարեկամական հարաբերություններ, եւ նման հանդիպումները կխթանեն համագործակցությունն առավել ամրապնդելու եւ զարգացնելու:

ԱԺ պատգամավորները իրենց գործընկերներին հրավիրեցին Հայաստան եւ Արցախ: