Տպել
28.11.2013
Հանդիպում խորհրդարանում
1 / 1

Նոյեմբերի 28-ին ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը հանդիպեցին Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի հարցերով զեկուցող Նայջել Մերմագենի հետ:

Նայջել Մերմագենը տեղեկացրեց, որ այցի նպատակն է մշտադիտարկում իրականացնել եւ հասկանալ, թե Հայաստանը ինչպես է կատարում «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով» նախատեսված դրույթները:

Հյուրի խնդրանքով ԱԺ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները անդրադարձան ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրվող դոտացիաների հատկացման, համայնքային բյուջեների կազմման առանձնահատկություններին, հարկահավաքման գործընթացի հարցերին, կարեւորեցին գյուղական վայրերում աշխատատեղերի ստեղծումը: Նրանք կարեւորեցին համայնքների խոշորացումը, ինչը հնարավորություն կտա ֆինանսական միջոցները առավել արդյունավետ օգտագործելու: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին համայնքային ժողովրդավարության զարգացման շուրջ, քննարկեցին տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր: Նշվեց, որ Հայաստանի խորհրդարանի ուշադրության կենտրոնում են գտնվում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման խնդիրները:

Կողմերն անդրադարձան ՏԻՄ ոլորտի կատարելագործմանն ուղղված մի շարք հարցերի եւս: