Տպել
03.12.2013
Շարունակվեց ԱԺ քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 9

Դեկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված «ՀՀ ՎԵրահսկիչ պալատի 2014 թվականի գործունեության տարեկան ծրագիրը»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով պատգամավորները ողջունեցին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած եւ նիստի աշխատանքին հետեւող Հյուսիսային համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին:

Խորհրդարանը շարունակեց քննարկել պատգամավոր Արծվիկ Մինասյանի հեղինակած «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որի քննարկումը նախորդ օրն ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանը, շարունակելով ելույթը, տեղեկացրեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու հայտարարության նախագծին: Նա առաջարկեց 1 տարով հետաձգել օրենքի կիրարկումը՝ այն համարելով ժամանակավրեպ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ,չժխտելով կենսաթոշակային համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, առաջարկեց 1 տարով հետաձգել օրենքի կիրառումը եւ օրենքից հանել «պարտադիր» բաղադրիչը: Ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության, քաղաքացիները պետք է կենսաթոշակային կուտակումներն իրացնեն բացառապես կամավորության սկզբունքով:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Անդրադառնալով գործընկերների ելույթներին, նա դրական գնահատեց հարցի քննարկումը, սակայն զարմանք հայտնեց, թե ինչու վերջին երեք տարիների ընթացքում, երբ քննարկվում եւ ընդունվում էր օրենքը, համակարգի բարեփոխման այլ առաջարկներ չեն եղել: Ըստ Հակոբ Հակոբյանի, այսօր խիստ կարեւոր է կենսաթոշակային համակարգում կատարված բարեփոխումը եւ այն այլընտրանք չունի: Նրա խոսքով՝ խորհրդարանական ուժերի նպատակը պետք է լինի համատեղ ջանքերով գտնել լուծումներ՝ բարձրացնելու համար կենսաթոշակները:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը մեկ անգամ եւս նշեց, որ քննարկման նախաձեռնողները դեմ չեն կենսաթոշակային համակարգում բարեփոխումներին. նրանք դեմ են օրենքում ամրագրված «պարտադիր» բաղադրիչին: Նա առաջարկեց 1 տարով հետաձգել օրենքի կիրառումը եւ համատեղ աշխատելով՝ գտնել ընդունելի լուծումներ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկեց ՀՀ Նախագահի ներկայացրած «ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Զարգացման քաղաքականության առաջին վարկ» վարկային համաձայնագիրը, որով Հայաստանի Հանրապետությանը նախատեսվում է տրամադրել 31 մլն ԱՄՆ դոլար վարկ՝ 25 տարով, որից 10-ը՝ արտոնյալ: Վարկային միջոցները կուղղվեն ֆինանսավորելու պետական բյուջեի դեֆիցիտը:

Սուրեն Կարայանը քննարկման ներկայացրեց նաեւ «ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Զարգացման քաղաքականության առաջին ֆինանսավորում» համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 41 մլն ԱՄՆ դոլար վարկ՝ 25 տարով, որից 5-ը՝ արտոնյալ: Այս վարկային միջոցներով եւս կֆինանսավորվի պետական բյուջեի դեֆիցիտը:

Համաձայնագրերի վերաբերյալ գլխադասային՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների եզրակացությունը դրական էր:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի ներկայացմամբ օրենսդիրները քննարկեցին «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագիրը, որը նպատակ ունի պարզեցված կերպով իրականացնել ու ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումները եւ երկուստեք ազատվել մաքսատուրքերից: Նման պայմանագիր Ռուսաստանի Դաշնությունը մինչ այսօր կնքել է միայն Բելառուսի Հանրապետության հետ:

Պայմանագրի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց պատգամավոր Վարդան Այվազյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որում, ինչպես նշեց հեղինակը, բովանդակային փոփոխություններ չեն կատարվել: Մինչ երկրորդ քննարկմանն անցնելը, առաջին ընթերցմամբ քննարկվեցին ավելացված 2 հոդվածները:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջին ընթերցմամբ քննարկման առաջարկեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունմամբ կենսաթոշակային ապահովության համակարգի բաշխողական բաղադրիչը կհամապատասխանեցվի ներկա սոցիալ-տնտեսական իրողություններին՝ ապահովելով համակարգի ֆինանսական կայունությունը միջնաժամկետ եւ երկարաժամկետ ապագայում: Մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել արտոնյալ պայմաններով կենսաթոշակների համակարգը, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, վերանայել կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելու կարգը: Սահմանվում է աշխատանքային մեկ տարվա ստաժի արժեքի չափը. առաջին 10 տարվա համար աշխատանքային մեկ տարվա արժեքը սահմանվում է 700 դրամ, 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար՝ 450 դրամ:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ փոփոխությունների արդյունքում 32000-ով կնվազի ծայրահեղ աղքատության շեմից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացող քաղաքացիների թիվը՝ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմելով մոտ 15000 :

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց աշխատավարձերի հաշվարկման կարգի փոփոխությամբ: Առաջարկվում է վերանայել զինվորական կենսաթոշակները հաշվարկելու պայմաններն ու կարգը՝ այն համապատասխանեցնելով քաղաքացիական անձանց կենսաթոշակը հաշվարկելու կարգին: Փոփոխությունների արդյունքում միջինը 15 տոկոսով կաճեն զինվորական կենսաթոշակների չափերը:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա պարզաբանեց, որ փոփոխությունների արդյունքում որեւէ քաղաքացի չի տուժելու եւ ավելի ցածր կենսաթոշակ չի ստանալու, քան մինչեւ փոփոխություններն է ստացել:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի առաջարկով երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: Նախագիծը վերաբերում է պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող դոտացիաներին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Զբաղվածության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ ստացված 39 առաջարկներից 23-ը ընդունվել է: Նախագծի քննարկումը կշարունակվի ԱԺ դեկտեմբերի 4-ի նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ Կանոնակարգի համաձայն հատկացվեց պատգամավորների հայտարարություններին:


26.06.2024
Հայկական հնագույն պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը մշակութային ողբերգություն է, միջազգային օրենքի, մարդու իրավունքների կոպտագույն խախտում. Հայկ Մամիջանյան
Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Հարգելի՛ գործընկերներ, Ես կցանկանայի լրացնել Հարավային Կովկասին վերաբերող հատվածում զեկուցողի կողմից ներկայացված փաստերը, քանի որ հայկական հարուստ ու...

26.06.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 26-ին հանդիպել է նախագահ Էդգարս Ռինկեւիչսի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր՝ սկսած տարածաշրջանային ընթացիկ մարտահրավեր...

26.06.2024
Պատերազմների ժամանակ պատմամշակութային հուշարձանների ավերումը մեկ նպատակ ունի` ազգային, մշակութային ինքնության ոչնչացում. Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը զեկույցով հանդես է եկել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում: Իր զեկույցում պատգամավորն ասել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Եվգենյա Կրավչուկին զեկույցի համար: Այս զեկույցը քննարկվել է մեր հանձնաժողովում տարբեր ձեւաչափերով եւ...

26.06.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հետ
Լատվիայի Հանրապետության Սեյմի խոսնակ Դաիգա Միերինյայի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ռիգայում է: Պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը, անդամներ Էդուարդ Աղաջանյանը եւ Մարի...

26.06.2024
Նախատեսվում է ձեւավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ձեւավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների: Պատգամավորի խոսքով նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի եւ պաշտպանական գե...