National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
15.05.2014
Խորհրդարանը շարունակեց արտահերթ նիստի աշխատանքը
1 / 1

Մայիսի 15-ին Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նիստի աշխատանքը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց բոլորին Ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով ընտանեկան երջանկություն, խաղաղություն եւ բարեկեցություն:

Պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ օրը քննարկված օրինագծերն ու օրենսդրական փաթեթները:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մաuին» օրինագիծն առաջին ընթերցումով քննարկման ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Նշվեց, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքի դրույթները  «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված սկզբունքներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, զինծառայողներին դրամական օգնությունների հաշվարկման եւ հատկացման, զինծառայողների պարենային եւ իրային ապահովության հետ կապված հարաբերությունների հստակեցման հանգամանքով:

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը առաջին ընթերցումով քննարկման ներկայացրեց «Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կեցության, սննդի եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները եւ ծառայությունները նույնպես ներառել պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումների պլանում:

ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը եւ Ստեփան Մարգարյանը մտահոգություններ հայտնեցին օրենսդրական փաթեթի որոշ դրույթների վերաբերյալ եւ ասացին, որ կան անհստակություններ: Հեղինե Բիշարյանը, նշելով, որ անհասկանալի է օրինագծի ընդունման հրատապությունը, տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը, նշեց, որ օրենքի նախագծում հստակ փոփոխություններ պետք է կատարվեն: Նա  կարեւորեց պետական պահպանության ոլորտում հանրային վերահսկողությունը:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ պատգամավորների մտահոգություններին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ծախսերի մասին հանրությունը տեղեկանում է բյուջեի ծախսերի մասին հաշվետվության եւ քննարկումների ընթացքում: Պարոն Սահակյանը հիշեցրեց, որ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է ծառայությունների մատուցման գաղտնիությանը եւ առաջարկեց օրենսդրական փաթեթի հեղինակներին առաջինից երկրորդ ընթերցում հստակեցնել ձեւակերպումները:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ  Հերմինե Նաղդալյանը անդրադարձավ պատգամավորների մտահոգություններին՝ նշելով, որ օրենսդրական փոփոխությունը որեւէ բան թաքցնելու նպատակ չունի: Նա ընդգծեց, որ խորհրդարանն արդեն իսկ հանրային վերահսկողություն սահմանում է՝ բյուջետային քննարկումների ժամանակ տարբեր ոլորտների հատկացումները եւ ծախսերը մանրամասն ուսումնասիրելով:  Տիկին Նաղդալյանը հավաստիացրեց, որ բոլոր ծախսերը սահմանված են նորմատիվ ենթաօրենսդրական ակտերով, հրապարակային են, հաստատվում են բյուջեով եւ բյուջեի հաշվետվությամբ: ԱԺ փոխնախագահը նշեց նաեւ, որ օրենքի ընդունման հրատապություն չկա. օրենսդրական փաթեթը շրջանառության մեջ է դրվել 5 ամիս առաջ:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արզուման Հարությունյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանին շահագրգիռ քննարկումների համար եւ հավաստիացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ձեւակերպումները կհստակեցվեն:

Առաջին ընթերցումով քննարկվեց «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը նշեց, որ ակնկալվում է կարգավորել ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները, օրենսդրորեն ամրագրել ՀՀ պետական պարգեւներով` մեդալներով եւ շքանշաններով պարգեւատրելու, ինչպես նաեւ պատվավոր կոչումներ շնորհելու, շքանշանները, մեդալները, պատվավոր կոչման կրծքանշանը կրելուն առնչվող հարաբերությունները, որի արդյունքում կշտկվի պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների ոլորտում առկա թերի կամ ոչ հստակ կարգավորումները:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԱԺ պատգամավորներ Ալեքսանդր Արզումանյանը, Մհեր Շահգելդյանը եւ Արտաշես Գեղամյանը անդրադարձան տարբեր ոլորտներում պետական պարգեւների ու պատվավոր կոչումների շնորհման նպատակահարմարությանը, չափանիշների հստակեցմանը:

Երկրորդ ընթերցմամբ ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը քննարկման ներկայացրեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» եւ դրանից բխող մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նշենք, որ առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեցին առաջարկությունների հիման վրա փաթեթը համալրած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի նոր՝ 10-րդ, 11-րդ, 16-րդ  հոդվածները, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը՝  նոր՝ 193.1 հոդվածով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը հարակից զեկույցում նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորների առաջարկների հիման վրա փոփոխություններ են կատարվել եւ օրենսդրական փաթեթն առավել համապարփակ է դարձել:

Պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկեցին «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ  փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին   ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց  կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է փախստականի կարգավիճակ ունեցող եւ  ապաստան ստացած ծագումով հայ քաղաքացիների բուհեր ընդունելության եւ  ուսումնառության  կազմակերպման  խնդիրների կարգավորման հետ:Հաշվի առնելով բժշկական կրթության ոլորտում կատարվող բարեփոխումները, ինչպես նաեւ հիմք ընդունելով բժշկական կրթության առանձնահատկությունները եւ  բժշկական կրթության բնագավառում միջազգային փորձը` առաջարկվել է բժշկական մասնագիտությունների համար կրթության տեւողություն սահմանել առնվազն 5 տարի, իսկ շնորհված կրթական աստիճանը հավասարեցնել  մագիստրոսի կրթական աստիճանին: Օրենքում հստակեցվել է նաեւ կլինիկական օրդինատորե կրթական ծրագրով ուսուցման ժամկետը` որակավորման ուսուցման տեւողությունը սահմանելով առնվազն մեկ տարի:Հաշվի առնելով ընդունելության քննությունների անցկացման ժամկետների փոփոխությունը` հստակեցվել է բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված ուսանողների հրամանագրման ժամկետը` ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին օգտվել  ուսման վարձի զեղչման եւ  վարկավորման ծրագրերից:

Արմեն Աշոտյանը նշեց, որ  հստակեցվում է նաեւ սիրիահայ ուսանողների ուսման վարձի չափը, որը չի գերազանցելու տեղացի ուսանողների ուսման վարձը:

Հարակից զեկույցում գիտության,  կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  անդամ Կարինե Աճեմյանը  նշեց, որ փաթեթը կանոնակարգում է մի շարք խնդիրներ: Նա նշեց, որ հանձնաժողովը քննարկել է եւ տվել դրական եզրակացություն:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը առաջին ընթերցմամբ  ներկայացրեց  «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:Գործող  օրենքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվում է միջպետական եւ  միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին: Նախագծի ընդունման  նպատակն է միջպետական համաձայնագրերի շրջանակում օտարերկրյա  բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին  կառավարության սահմանած կարգով տարկետում տրամադրել, որը ենթադրում է ՀՀ կառավարության համապատասխան անհատական որոշումների ընդունում, որոնք իրավական առումով կունենան ավելի բարձր իրավաբանական ուժ, քան տեղեկանքները: Պայմանգիր կնքելով՝ տարկետում տրամադրելը երաշխիք կապահովի ուսանողներին ՀՀ վերադառնալու, հայրենիքի նկատմամբ սահմանադրական պարտավորությունները կատարելու եւ ձեռք բերված գիտելիքները ՀՀ-ում ներդնելու համար:

Հարակից զեկույցում ԱԺ  պաշտպանության, ազգային անվտանգության  եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ  Թեւան Պողոսյանը  եւս կարեւորեց օրենքի  նախագիծը: Նա նշեց, որ օրենքը քննարկվել է հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն,  եւ այն նպաստելու է կրթական  համակարգի բարելավմանը մեր երկրում:

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցան պատգամավորներ Ստեփան Մարգարյանը, Արամ Մանուկյանը, Սամվել Ֆարմանյանը, ովքեր իրենց տեսակետները  հայտնեցին օրենքի նախագծի վերաբերյալ: Նրանք կարեւորեցին դրսում սովորելու հնարավորությունը՝ միաժամանակ հայտնելով մտահոգություն, որ այն կարող է բանակից խուսափելու պատճառ դառնալ:

Ամփոփիչ ելույթում հարակից զեկույցում պաշտպանության, ազգային անվտանգության  եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ  Թեւան Պողոսյանը  շնորհակալություն հայտնեց քննարկման համար,  եւ եւս մեկ անգամ նշեց, որ օրենքի նախագծի միակ նպատակը օրենսդրական դաշտը կարգավորելն է:

Ամփոփիչ ելույթում կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւս շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննակումների համար:

Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:



27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am