Հունիսի 5-ին Աժ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը եւ փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանը հանդիպեցին Տավուշի մարզի միջհամայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:
Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տեղեկացրեց, որ հանդիպումը շարունակությունն է հանձնաժողովի՝ օրեր առաջ Դիլիջան կատարած այցի, որի ընթացքում քննարկվել են համայնքների խոշորացման հայեցակարգին վերաբերող հարցեր: Նրա առաջարկով մարզի ներկայացուցիչները ներկայացրին համայնքների բնակիչների մտահոգություններն ու առաջարկները, որոնք առնչվում էին համայնքների խոշորացման գործընթացին եւ հնարավոր ռիսկերին:
Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը եւ փոխնախագահ Արաիկ Հովհաննիսյանն իրենց ելույթներում նշեցին, որ համայնքների խոշորացումն ինքնանպատակ չի լինելու, հաշվի են առնվելու բնակիչների կարծիքներն ու առաջարկները: Նրանք նշեցին համայնքների խոշորացման գործընթացից ակնկալվող արդյունքները, պատրաստակամություն հայտնեցին քննարկելու առաջարկներն ու մտահոգությունները:
Ստեփան Մարգարյանը, կարեւորելով նման հանդիպումները, ՏԻՄ ներկայացուցիչներին հորդորեց առաջարկներ ներկայացնել տարածքների համաչափ զարգացման վերաբերյալ: Արաիկ Հովհաննիսյանը նպատակահարմար համարեց որոշ տեղերում իրականացնել պիլոտային ծրագրեր՝ կիրառելով եւ շրջանային, եւ փնջային մոդելները:
Հանձնաժողովի անդամները տեղեկացրին, որ նման քննարկումներ կիրականացվեն նաեւ այլ մարզերում՝ պարզելու բնակիչների վերաբերմունքն ու մտահոգությունները: