Տպել
19.06.2004
Համաժողովի պատվիրակներին ընդունեց ԱԺ նախագահը

Հունիսի 19-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի պատվիրակների հետ:
Իտալիայի խորհրդարանի պատվիրակ Անջելո Պոլինայի հետ քննարկվեցին Հայաստանում Իտալական տան ստեղծման ընթացքին, Տոսկանայի մարզի գործարարների մասնակցությամբ բիզնես-ֆորումի անցկացմանը եւ համագործակցության այն խնդիրներին վերաբերող հարցեր, որոնց շուրջ պայմանավորվածություններ էին ձեռքբերվել ԱԺ նախագահի Իտալիա պաշտոնական այցի ընթացքում: Պարոն Պոլինան նշեց, որ Իտալիայում Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ մեծագույն հարգանք կա` իբրեւ արժանավոր անցյալ ու ապագա ունեցող երկրի, որի կայուն տնտեսական աճը զարգացման գրավական է,  եւ քաղաքական, առեւտրատնտեսական, գիտամշակութային համագործակցության պատրաստակամություն կա, որը պետք է ու հնարավոր է ամրագրել որոշակի գործերով:

Էստոնիայի պատվիրակությունը ներկայացնում էին Տոյվո Տոտսենը, Տիիտ Տամսաառը եւ Մարջու Տուուլինգը: Նրանք կարեւորեցին համաժողովի անցկացումը, որի ընթացքում միմյանց ծանոթանում ենՀայաստանի բարեկամները եւ իրենց երկրներում ավելի քաջատեղյակ ու բանիմաց են պաշտպանում Հայաստանի շահերը: Էստոնիայի խորհրդարանի պատգամավորները նշեցին նաեւ, որ պատրաստակամ են հայ պատգամավորներին փոխանցել եվրաինտեգրման ճանապարհին իրենց ձեռքբերած փորձը: