Տպել
10.06.2014
Մամուլի ասուլիս խորհրդարանում
1 / 6

Հունիսի 10-ին տեղի ունեցավ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ընթերցեց ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացրած 12 կետից բաղկացած հայտարարությունը, որտեղ ասվում է, որ վերոնշյալ խմբակցությունները հաստատում են Հայաստանում հիմնարար փոփոխություններ կատարելու, քաղաքական եւ տնտեսական համակարգը առողջացնելու, Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու համատեղ ջանքերի գործադրման վճռականությունը: Քառյակում ընդգրկված ուժերը հայտարարում են՝ Հայաստանի ինքնիշխանությունը, ԼՂՀ անկախությունը, անվտանգության ապահովումը, հիմնահարցի խաղաղ եւ արդարացի կարգավորումը գերակա սկզբունքներ են: Այս հարցերում անթույլատրելի է որեւէ նահանջ, իսկ ընդունվելիք որոշումները պետք է լինեն բացառապես հանրության եւ խորհրդարանի մասնակցությամբ: Քառյակն արձանագրում է, որ համատեղ նախաձեռնությունները, հանրային միջոցառումներն արդեն իսկ արդյունքներ են տվել: Ազգային Ժողովը իշխանության եւ ընդդիմության միջեւ հանրային ու քաղաքական լուրջ քննարկումների հարթակ է դարձել: Էական քայլեր են կատարվել կենսաթոշակների մասին օրենքում պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ: Արդյունավորվել են նախկին կառավարությանը անվստահություն հայտնելուն ողղված համատեղ ջանքերը եւ այլն: Ստեղծված իրավիճակում քառյակը համոզված է, որ արտագաղթը եւ տնտեսական անկումը կասեցնելու, սեփական պետության նկատմամբ ժողովրդի վստահությունը վերականգնելու, հիմնարար փոփոխությունների գործընթաց սկսելու նպատակով ահնրաժեշտ են անհապաղ միջոցառումներ: Ելնելով վերոհիշյալից? քառյակը իշխանություններին ներկայացնում է հետեւյալ առաջնահերթ պահանջները? ակնկալելով, որ դրանք պետք է կատարվեն մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի վերջը.

1. Վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել քաղաքացիներին: Ամբողջությամբ կատարել Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշումը: Նոր համակարգը ձեւավորել հասարակության բոլոր շերտերի ընդգրկման եւ կամավոր կուտակային բաղադրիչը խթանելու սկզբունքներով:

2. Վերանայել տեսանկարահանող եւ լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, դրանց կիրառման արդյունքում պետական եւ համայնքային բյուջեի մուտքերի տեսակարար կշիռը հասցնել առնվազն 75 տոկոսի, սահմանել, որ տուգանքների եւ վճարների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն ամսական աշխատավարձի 10 տոկոսը:

3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը: Ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա երեք տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն. դրամից դարձնել 150 մլն. դրամ, արտոնագրային վճարների գծով սահմանված 9 մլն. դրամը? 15 մլն. դրամ: Հանել սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը:

4. Առնվազն կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի եւ վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները: Սահմանել հստակ մեխանիզմ սուբսիդիաների միավորման, դրանք ֆերմերային եւ գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրելու, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար:

5. Գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի: Բանկերից ձեռքբերել 2014թ. հունիսի 1-ի դրությամբ մինչեւ 3 մլն. դրամի վարկային ժամկետանց պարտավորությունները, դրանց նկատմամբ սահմանել մարման 5-ամյա ժամկետ? առանց տոկոսագումարների հաշվարկման: 3 մլն. դրամից ավելի գյուղատնտեսական վարկային պարտավորությունները վերաձեւակերպել նոր վարկերի՝ 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոսով:

6. Հաստատել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձի գծով աշխատակիցների նկատմամբ կուտակված պարտքը: Ձեւավորել «Նաիրիտի» անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:

7. Բացառել «Որոտան ՀԷԿ-երի համալիր» ՓԲԸ-ի գույքի վաճառքը (մասնավորեցումը) առանց Ազգային ժողովի հավանության:

8. Գործող տրանսպորտային համակարգում բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը: Հաստատել մատչելի, անվտանգ ու որակյալ հանրային տրանսպորտի ենթակառուցվածքի միասնական համակարգ:

9. Ընդունել ձեւավորված փաստացի տնտեսական մենաշնորհները վերացնելու եւ ազատ տնտեսական գործունեություն երաշխավորելու մեխանիզմներ ներառող օրենսդրական փաթեթ:

10. Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ինչպես նաեւ ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակվեն ընտրատեղամասերում եւ երկու օրվա ընթացքում, ըստ տեղամասերի որոնման եւ ներբեռնման հնարավորությամբ, տեղադրվեն ԿԸՀ պաշտոնական կայքէջում:

11. Ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը՝ ընդդիմությանը օժտելով վերահսկողության գործառույթներով:

12. Չստորագրել որեւէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն:

Գիտակցելով, որ հիմնարար փոփոխությունների միակ երաշխավորը ժողովուրդն է, քառյակը աշնանը, Ազատության հրապարակում, կհրավիրի Հայաստանի քաղաքացիների համապետական հանրահավաք, որտեղ կամփոփվի պահանջների կատարումը եւ կորոշվեն հետագա համատեղ գործողությունները:

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների ներկայությամբ ստորագրեցին հայտարարությունը:

Խոսելով փաստաթղթի մասին՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հայտարարության մեջ փորձ է արվել ամրագրել այն հիմնական խնդիրները, որոնք այսօր ծառացած են երկրի առջեւ եւ դրանց լուծումը էականորեն կնպաստի ՀՀ քաղաքացու վիճակի բարելավմանը:

Լեւոն Զուրաբյանը, շնորհավորելով հայտարարության ստորագրման կապակցությամբ, նշեց, որ այն քառյակի կողմից կատարված մեծ աշխատանքի արդյունք է, որն արտացոլում է կողմերի համաձայնությունը եւ համատեղ ջանքերով քայլեր կատարելու պատրաստակամությունը:

Արմեն Ռուստամյանը նշեց, որ հայտարության մեջ ներկայացված են քառյակի համատեղ գնահատականները, մոտեցումները, կոնկրետ առաջարկներ եւ իրատեսական քայլեր: Ըստ պարոն Ռուստամյանի՝ եթե նոր կառավարությունն իր քայլերով ցանկանում է վստահություն ձեռք բերել, ապա պետք է կյանքի կոչի բոլոր այն խնդիրների լուծումները, որոնք ակնկալում է հասարակությունը:

Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ հայտարարության ստորագրմամբ չի ավարտվում քառյակի գործունեությունը, չորս քաղաքական ուժերը շարունակելու են իրենց աշխատանքը:

ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները նաեւ պատասխանեցին լրագրողների հարցերին:


10.06.2014
Ազգային ժողովը սկսեց քննարկել «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագիծը
Հունիսի 10-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ վավերացնելով համաձայնագրերը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատար...

10.06.2014
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց Ռուս համագործակցության ներկայացուցչության ղեկավարի հետ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունիսի 10-ին հանդիպեց Ռուս համագործակցության ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինի հետ: Արտակ Զաքարյանը գոհունակություն հայտնեց Ռուս համագործակցության ներկայացուցչության նախաձեռնությունների, Հայաստանում նրանց իրականացրած ...

10.06.2014
Պարգեւատրում Ազգային ժողովում
Հունիսի 10-ին խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Երեւանի պետական համալսարանի հիմնադրման 95-ամյա հոբելյանի կապակցությամբ գիտության, կրթության ոլորտում ներդրած մեծ ավանդի եւ բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Պատվո մեդալո...

10.06.2014
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին
Հունիսի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չիկահիտո Հարադային: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը: ԱԺ նախագահը կարեւորեց Ճապոնիայի հետ երկկողմ հարաբերություններ...